«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանը չի քննարկել և չի քննարկելու Գրիգորյանն՝ իրանցի նախարարին
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Հանդիպման ընթացքում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքների մասին, կրկին անգամ ընդգծել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ մասնավորապես, անդրադառնալով ենթակառուցվածքների ոլորտում հնարավոր համագործակցության ընդլայնմանը:
«ԻԻՀ նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է փոխվարչապետի պաշտոնակատարին Հայաստան այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները և նշել, որ Իրանը մշտապես պատրաստ է աջակից լինելու Հայաստանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մհեր Գրիգորյանի գրասենյակի տեղեկացմամբ՝ զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայման համար առկա նախադրյալները, այդ թվում՝ խոսել ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության համար առկա մեծ ներուժի մասին:
Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ տնտեսական գոտիների գործարկմանը և ճանապարհաշինության ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում առկա առաջնայնություններից է: