«Տիգրանաշենը մերն ա, ես ո՞նց թողնեմ, հեռանամ այստեղից» գյուղի բնակիչ
Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գաղտնազերծեց մի փաստաթղթի աշխատանքային տարբերակը՝ հանրությանը տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը, որով ենթադրվում է, որ Տավուշի մարզից 5 և Արարատի մարզից 1 գյուղ հանձնվելու է Ադրբեջանին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին կառավարության նիստում, առանց կոնկրետ անուններ տալու, անդրադարձել էր Միքայել Մինասյանի գրառմանն ու հայտարարել, որ միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական համաձայնություններ, և այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Հետո էլ հաստատակամորեն հայտարարել էր, որ ստորագրելու է այդ փաստաթուղը։
«100 տոկոսով, ոչ թե 99։ Եվ այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը
Այս հայտարարությունից հետո ակտիվ քննարկվում է, որ իշխանությունները Արարատի մարզից պատրաստվում են Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը (Քյարքի)։
168.am-ը քաղաքագետ Էդգար Էլբակյանից հետաքրքրվեց, թե այս փաստաթուղթը որքանո՞վ կարող է վերաբերել Տիգրանաշենին․
«Եթե սահմանագծում կոչվածն իրականացվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին թողարկման քարտեզների հիման վրա, ապա այո, այդ քարտեզներով Տիգրանաշենի տարածքը՝ Քյարքի անվամբ, ադրբեջանական անկլավ է՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում»:
Իսկ Տիգրանաշենը հանձնելով՝ բազմաթիվ խնդիրներ են առաջանալու Հայաստանի համար: Քաղաքագետի մեկնաբանությամբ՝ հաճախ կենտրոնանում ենք տեխնիկական կողմի վրա, բայց առաջին հերթին պետք է ֆիքսենք հարցի բարոյական կողմը.
«Մի պետություն, որն առանց կռվի հող է հանձնում, արդեն իսկ տեղով մեկ հայտնվում է խնդրի մեջ, դա ծանրագույն հարված է պետության վարկանիշին, ինչպես նաև այդ պետության քաղաքացիների ազգային ինքնությանը։ Իսկ տեխնիկական կողմն այն է, որ ամենաորակյալ ճանապարհը, որը կապում է Հայաստանի հյուսիսը, կենտրոնի, հարավի հետ անցնում է այդ տեղով, այսինքն՝ դա կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»։
Էդգար Էլբակյանը հարցի լուծումը տեսնում է հետևյալ կերպ․
«Նորից պետք է վերարծարծվի Արցախ տարածքների դեօկուպացիայի և Արցախի կարգավիճակի հարցը, այն, ինչ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արեց։ Երկրորդ՝ պետք է ամեն գնով լուծվի Սյունիքի և Գեղարքունիքի տարածքների դեօկուպացիայի հարցը, ուզում եմ շեշտել, որ ինձ համար մեծ հաշվով Սյունիքի տարածք է նաև Քաշաթաղի այն հատվածները, որ կապիտուլյանտը հանձնեց բանավոր ըմբռնմամբ, բայց խոսքն այստեղ դրանց մասին չէ, այլ այն հայտնի տարածքների, որոնք գոնե խորհրդային շրջանի գլխավոր շտաբի քարտեզներով Խորհրդային Հայաստանի կազմում են եղել…»:
Այսքանը՝ որպես նախաբան: Իսկ հիմա ռեպորտաժ հենց Տիգրանաշենից: Անցյալ շաբաթվա վերջին 168.am-ի ստեղծագործական խումբն այցելել էր Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղ, որպեսզի տեղում ծանոթանայինք գյուղում առկա իրավիճակին, հենց գյուղացիներից լսեինք իրենց կարծիքը մայրաքաղաքում տարածված տեղեկությունների, իրենց բնակավայրը թշնամուն հանձնելու հավանականության ու պաշտոնյաների հայտարարությունների մասին։ Նախ պարզեցինք, որ խոսակցությունները նաև Տիգրանաշեն են հասել։
«Գյուղի մասին խոսում են, թե տալիս են թուրքերին։ Թուրքերին ինչի՞ պիտի տան, ստեղ բոլորը հայեր են ապրել։ Ես ո՞նց թողնեմ, հեռանամ այստեղից»,- ասաց Տիգրանաշենի բնակիչը:
Տարեց կնոջից հետաքրքրվեցինք՝ արդյոք կա՞ն մարդիկ, որ լքել են գյուղը, պատասխանեց ՝ոչ մեկը գյուղից դուրս չի եկել, ինչ էլ խոսում են՝ սուտ է.
«Արդեն 32 տարի է՝ ապրում եմ այս գյուղի մեջ, և մեր հարևաններով շատ լավ ենք զգում։ Սիրում ենք, որ մեզ ձեռք չտան, չհանեն այս գյուղից, չասեն՝ Քյարքին Ադրբեջանինն է, ոչ մի անգամ Ադրբեջանինը չի եղել Քյարքին. չգան մտնեն էս գյուղի մեջը, ոնց կգան, էնպես էլ առանց գլխի՝ կգնան»:
Տիգրանաշենցի կնոջ հետ դեռ զրույցը չէինք ավարտել, երբ մեզ մոտեցավ համայնքի ավագանու անդամ Արմենակ Հովհաննիսյանն ու անմիջապես միջամտեց տիգրանաշենցի կնոջ հետ մեր զրույցին: Թեև ավագանու անդամին հարց դեռ չէինք ուղղել, նա միանգամից սկսեց մեղադրել նախկիններին, գովերգել ներկա իշխանություններին, հետո էլ վստահեցրեց, որ գյուղն ապահով ձեռքերում է․
«Անցած կառավարության հանդեպ դուք ի՞նչ ունեք։ Դուք մեր կառավարության հանդեպ որևիցե խնդիր ունե՞ք, ձեր լրատվականը։ Ուրեմն մեր կառավարությունն այսօր շատ լավ ա, նախկին թալանչիները, նախկին սրիկաները, որ երկիրը ծախին, թող իրենք գնան պատասխան տան։ Մեր գյուղը շատ ապահով ա, ով վատ ա զգում մեր գյուղի հանդեպ, թող թողի էթա։ Տիգրանաշենում ուտում, խմում, քեֆ են անում էս պահին ու տենց էլ մինչև վերջ ուտելու են, խմեն, քեֆ անեն, ամեն մի տիգրանաշենցի։ Մեր Տիգրանաշենն այսօր ապահով ձեռքերում է, փառք Աստծո, ունենք բանակ, մեր բանակը մեր կողքին է, մենք էլ բանակի կողքին ենք»։
Ու որպես անվտանգության տիպիկ օրինակ՝ ավագանու անդամ Հովհաննիսյանը նշեց Արարատի մարզպետին, որը Տիգրանաշենում է ապրում, համենայն դեպս, այստեղ տուն ունի։
Տիգրանաշենցի երիտասարդ մի տղամարդ էլ ասաց, որ մինչև օրս որևէ վտանգավոր բան չեն նկատել, բայց տագնապի մեջ են, քանի որ կրկին ակտիվացել են Տիգրանաշենը հանձնելու մասին տարբեր լուրերը.
«Շատ խաղաղ ես իմ տան մեջ նստած եմ, թող ամեն մեկն իր փայ սուտը չխոսա, մեզ էլ տագնապի մեջ, իմ երեխուն էլ հետը, չպահի։ Շատ եմ խնդրում սաղին, մենակ մեզ տագնապի մեջ չպահեն։ Կռվի առաջին օրվանից լսում եմ՝ էս գյուղը հանձնում են, բայց խաբում են, հլը ես ստեղ ապրում եմ, քանի որ, հեն ա, իմ երեխեն էլ ծառ ա տնկում, ծաղիկ տնկում, խաղող ա տնկում․ ապրում ենք։ Խնդրում եմ, տագնապի մեջ մի պահեք գյուղացուն… Երեխեն, որ անգամ մի հատ պակրիշկա է տրաքում շոշին, արդեն տագնապ ա ապրում, մեզ էլ է տագնապի մեջ պահում, խնդրում եմ»:
Ավագանու անդամի՝ գյուղ ժամանելուց հետո, իրավիճակը կարծես փոխվեց, եթե մինչ այդ դրսում գրեթե մարդ չկար, իսկ հանդիպելիս էլ հանգիստ զրուցում էինք, Արմենակ Հովհաննիսյանի ժամանելուց հետո հանկարծ բոլորը տներից դուրս եկան և սկսեցին բարձրաձայն խոսել, անգամ վիրավորել, սեր խոստովանել գործող իշխանություններին, իսկ տարածքներ հանձնելու մեջ մեղադրել լրագրողներին։ Ու թեև ավագանու անդամ Հովհաննիսյանն արդեն հեռացել էր, գյուղացիների ոգևորությունը մնացել էր, ու պահանջում էին դադարեցնել նկարահանումն ու հեռանալ գյուղից. «Երկրի ղեկավարը շատ լավ մարդ ա, արդար, ազնիվ, անկեղծ»,
«Գյուղից դուրս հելեք․․․»։