Քաղաքական մանկապիղծների մետաստազները
Թեպետ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ տրված չէ, այն ըստ էության սկսվել է:
Եվ եթե, օրինակ, վարչապետի աթոռն ապօրինաբար զբաղեցրած անձը չի խորշում արդեն իսկ կիրառել վարչական լծակներ ու անունը «մարզային հանդիպումներ» դնելով՝ ամենաիսկական քարոզարշավ անցկացնել՝ նախընտրական «սև-սպիտակ», «գայլ-գելխեղդ», «նախկին, թալանչի-կոռուպցիա չկա» կեղծ թեզերի տրամաբանության մեջ, մյուսները նույնպես իրենց չեն կաշկանդում ժամկետային մեկնարկի զսպվածությամբ:
Սակայն մի բան է՝ մարզեր գնաս ու թեկուզ հիմարագույն ու ակնհայտ մանիպուլյատիվ մտքեր երկնես, մեկ այլ բան է՝ անցնելով բարոյականության բոլոր սահմանները, սեփական զրոյի ձգտող վարկանիշիդ փոքր-ինչ կենդանության նշույլներ հաղորդելու համար երեխաների ներգրավես քաղաքական կեղտոտ խաղերի մեջ:
Նիկոլ Փաշինյանը, ով անգամ սեփական երեխաներին է օգտագործում իր քաղաքական հաշվարկներում՝ թիրախավորելով վերջիններիս, ու դրանից մազաչափ անգամ վատ չի զգում, հիմա էլ անցել է այլոց երեխաների մասնակցությամբ հոլովակների ռեինկարնացիային:
«Նիկոլի թվին ապրում ենք, կերտում ենք հզոր նոր Հայաստան,
Նիկոլին մենք հավատում ենք, խոստանում ենք լինել իրեն պաշտպան,
Նիկոլի թվին մաքրում ենք, սրբում ենք աղբակույտը հին,
Նիկոլի թիվն է այսօր, Նիկոլի թիվն է այսօր,
Ապագան է մեր հաղթակաաաաա՜ն…»…
Այս բառերով երգի հոլովակը մոտ 7-8 անչափահաս երեխաների մասնակցությամբ՝ նկարահանված 3 տարի առաջ ինչ-որ ձայնագրման ստուդիայում, արդեն 2 օր է՝ տարածվում է համացանցային հայկական տիրույթում: Նրանք ինքնամոռաց երգում են Նիկոլի թվի մասին մի երգ, իսկ պատկառելի տարիքում գտնվող մի կին էլ է՛լ ավելի ինքնամոռաց կերպով ու հիացած չափ է տալիս խմբերգին՝ ոգևորելով կատարողներին:
Ի դեպ, մեկնաբանություններից պարզ է դառնում, որ հոլովակը Երևանում չի ձայնագրվել, որովհետև շատ երաժիշտներ նշում էին, որ Երևանում այսպիսի ձայնագրման ստուդիա իրենց հայտնի չէ: Ինչևէ…
Արժեհամակարգային ավելի սրընթաց դեգրադացիա երևի թե հնարավոր չէ պատկերացնել, և դժվար է հասկանալ՝ ի՞նչ արժեքներ են դոմինանտ, ովքե՞ր են կառավարում հասարակական որոշակի հատվածների գիտակցությունը, ինչո՞ւ և ինչպե՞ս, և առհասարակ ինչպե՞ս էր հնարավոր ունենալ հասարակական տրամադրությունների ու արժեհամակարգի այն վիճակը, ինչը կա այժմ:
Աղետալին այն է, որ երևի կադրից դուրս այս ամենով հիանում են այդ երեխաների ծնողները, որովհետև դժվար է պատկերացնել, որ նրանք տեղյակ չլինեին այդ երգ կոչվածի ձայնագրությունից:
Այստեղ տեղին է հիշել, որ պատերազմի աղետալի օրերին, երբ արդեն պարզ էր, որ կորցնում ենք Արցախը, բայց իշխանությունները մեզ կերակրում էին բացահայտ ստերով և «հաղթելու ենք» կարգախոսով, հրապարակվեց մի տեսահոլովակ և Արցախի ռազմաճակատային քարտեզը:
Տեսահոլովակը «Արցախի ձայնը» նախագծի հեղինակածն էր, քարտեզը՝ պաշտոնական՝ հրապարակված ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կողմից:
Իսկ թե ի՞նչ կատարվեց այդ երկուսի հրապարակումից հետո Ֆեյսբուքում, շատ հուզիչ էր: Տեսահոլովակի վերաբերյալ բացասական գրառումների, բառիս բուն իմաստով՝ վայնասունի ձայնը խլացրեց Արցախյան ճակատում տեղի ունեցողը:
Սարսափելի էր հետևել, թե ինչպես մի տեսահոլովակ կարողացավ չեզոքացնել այդ պահին կորցրած, թշնամու վերահսկողության տակ առնված տարածքների վերաբերյալ տեղեկատվության բացասական արձագանքը:
Այսինքն՝ մենք ունեցանք մի իրավիճակ, որ հասարակության որոշակի հատվածի սպասումներին չհամապատասխանող, իրենց քիմքին անհաճո տեսահոլովակն ավելի կարևոր ու անհամարժեք արձագանքի արժանացավ, քան Արցախում իրերի իրական վիճակի վերաբերյալ քարտեզը:
Իսկ ո՞րն էր խնդրահարույցը վերոհիշյալ տեսահոլովակում… Այն, որ ներկայացված էին կադրեր ու մարդիկ, քաղաքական-պետական գործիչներ՝ Արցախի և Հայաստանի նախկին ղեկավարներ, որոնց մարդկանց կոնկրետ շրջանակ չի՞ ընդունում… Ենթադրենք՝ այդպես է… Ե՞վ… Հակապետակա՞ն էր, ռազմական գաղտնի՞ք էր հրապարակվել, ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումնե՞րն էին խախտվել, պետության առաջին դեմքերի՞ն էին ծաղրել կամ անվանարկել, ի՞նչ էին արել…
Տեսահոլովակում որևէ գործչի անունը չէր հնչում, որևէ մեկը չէր փառաբանվում, քաղաքական տեքստ չէր հնչում, երգն էլ հայրենասիրական էր, և, ամենակարևորը, տեսահոլովակում քաղաքական քարոզ չկար, ու այդ քարոզն անչափահասները չէին անում, բայց հեղինակներին այնպես բզկտեցին, որ նրանք ստիպված եղան ինտերնետից հեռացնել հոլովակը:
168.am-ի հետ զրույցում «Արցախի ձայնը» նախագծի պրոդյուսեր Լիրա Քոչարյանն ասաց, որ այդ ընթացքում պայմանավորվածություն են ունեցել «Մեցցո» ակումբում համերգ տալու, սակայն տեսահոլովակի լույսընծայումից հետո այնպիսի սպառնալիքներ են ստացել, որ հրաժարվել են այդ մտքից:
«Ես չեմ վախենում, էլի կկայանար համերգը, բայց մտածեցի «Մեցցո» ակումբին վատ վիճակի մեջ չդնեմ, կամ մասնակիցներն աղջիկ երեխաներ էին, որոնց հայրերն ու եղբայրները ճակատում էին, մտավախություն ունեցա, որ կարող են գալ ու վախեցնել երեխաներին: Իսկ համերգից գոյացած ողջ հասույթը պետք է կրկին ուղղվեր Արցախի կարիքներին»,-ասաց Լիրա Քոչարյանը:
Ոմանք ասում էին, թե բարձրաճաշակ տեսահոլովակ չէր։ Միգուցե գեղարվեստական մեծ արժեք չէր ներկայացնում, հնարավոր է, չենք վիճում, ճաշակի հարց է, բայց քանի-քանի այդպիսի տեսահոլովակներ են հիացմունքի արժանացել կամ առնվազն չեն քարկոծվել…
Ու այդ անպատմելի, հայհոյախառն «զազրախոսությունը» հեղինակներին ստիպեց հեռացնել տեսահոլովակը, բայց դա չէր կարևորը, այլ այն, որ այդ շրջանակն ավելի ուժեղ գտնվեց, քան ռազմաճակատային սթափեցնող դաժան լուրերի վրա ուշադրություն բևեռել փորձողները:
Բայց գործող իշխանություններին կարելի էր, փաստորեն, ավելի վաղ նման այլանդակ հոլովակ նկարել ու երեխաներին ներքաշել կեղտոտ քաղաքական խաղերի մեջ: Եվ եթե որևէ մեկը կհակադարձի, թե միգուցե ինքնաբուխ է այս երեխաների «սերը» առ Նիկոլ Փաշինյան, թող համենայն դեպս հիշի, որ կառավարող ուժից որևէ մեկը դեռ չի դատապարտել այս գռեհկությունը 2018թ-ին, և ոչ էլ որևէ մեկը խորշել է դրա տարածումից հիմա, այս նախընտրական շրջանում: Եվ, եթե մտածում են, որ հին հոլովակը տարածելը կաշխատի, միգուցե մտորեն՝ առհասարակ, ինչպե՞ս կարող են այդ երեխաները սեր տածել մեկի հանդեպ, որը 5000-ից ավելի կյանքեր է խլել և պատճառ դարձել Արցախի 75 տոկոսի կորստի, 10.000-ից ավելի վիրավոր-հաշմանդամների…