Ադրբեջանն ԱՄՆ-ում հայկական ազդեցությանը բալանս է ստեղծում. չունի համայնք, ունի փող. Սուրեն Սարգսյան
Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումի ընթացքում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանը, նշեց, թե Միացյալ Նահանգները երբեք մեր տարածաշրջանի վերաբերյալ ռազմավարություն, առանձին մշակված քաղաքականություն չի ունեցել: Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա միջազգայնագետի գնահատմամբ՝ դրանք զրոյական մակարդակի վրա են:
«Ակնհայտ է, որ մենք այս դեպքում պետք է ոչ թե Վրաստանի հետ համեմատվենք, որովհետև Վրաստանը Միացյալ Նահանգներին համարում է ռազմավարական դաշնակից, այլ պետք է համեմատենք գոնե Ադրբեջանի հետ: Ադրբեջանը շատ ակտիվ, բարձր մակարդակի շփումներ ունի Միացյալ Նահանգների հետ: Շատ ակտիվ հանդիպում են պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները, պետքարտուղարները՝ և՛ նախկին, և՛ ներկա, հանդիպում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ… Այսինքն՝ իրենց մոտ շատ ավելի խորը համագործակցություն կա, ու դա՝ այն դեպքում, որ իրենց նախադրյալները՝ հարաբերությունների կարգավորման, այդքան շատ չեն: Այսինքն՝ համայնք չունեն, համայնքը լոբբիստական կազմակերպություններ չունի…
Ադրբեջանը շատ ակտիվ փող է ծախսում Վաշինգտոնում, շատ ակտիվ աշխատանքներ է իրականացնում, շատ ակտիվ աշխատում է ակադեմիական շրջանակների հետ, գիտահետազոտական կենտրոնների հետ, առանձին անհատների հետ, առանձին քաղաքական գործիչների հետ, Կոնգրեսում բարեկամական խումբ է ձևավորում և սկսում է հզորացնել այդ բարեկամական խումբը Ներկայացուցիչների պալատում, ունի իրենց ազդեցության տակ գտնվող սենատորներ: Այսինքն՝ Ադրբեջանը հասկանում է, որ Միացյալ Նահանգներում հայկական ազդեցությանը բալանս պետք է ստեղծի, և դա փորձում է կոմպենսացնել փողով՝ չունի համայնք, ունի փող»,- ասաց Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, թե Ադրբեջանի գործելաոճով ԱՄՆ-ում աշխատում է նաև Թուրքիան:
Սարգսյանի խոսքով՝ մրցակցությունը կա, սակայն մենք ունենք մի կարևոր առանձնահատկություն՝ ԱՄՆ-ում մեր կազմակերպված համայնքը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում