«Ես հասնելու եմ նրան, որ այդ մարդիկ պատժվեն, բոլորի դեմքերը լավ հիշում եմ». Զարուհի Փոստանջյանը՝ բռնություն գործադրած ոստիկանների մասին
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են իրեն մայիսի 20-ին բողոքի ակցիայից բերման ենթարկել: Այդ օրը քաղաքական-հասարակական գործիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ ընդդեմ այն փաստաթղթի ստորագրման, որը նախորդ օրը գաղտնազերծել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, և որը, ինչպես հետո խոստովանեց Նիկոլ Փաշինյանը, պատրաստվում են ստորագրել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները: Փոստանջյանը պատմեց, որ այդ օր նախ՝ եղել է Ազատության հրապարակում, ապա՝ Կառավարության առջև, հետո՝ ԱԺ-ի մոտ, որտեղ այդ ժամերին ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը:
«ԱԺ-ի մոտ իմ ներկայությունն առավելագույնը 10 րոպե է եղել, ո՛չ հասցրել եմ բողոք անել, ո՛չ ճանապարհ եմ փակել, ուղղակի հարցապնդում եմ ներկայացրել, ուզում էի տեսնել՝ ի՞նչ է կատարվում, որովհետև մարդկանց արդեն առանց օրինական հիմքի, բռնի ուժով բերման էին ենթարկում: Ես հարց ուղղեցի մի բարձրաստիճան ոստիկանի, ով, ինչպես հետո պարզվեց, ոստիկանապետի առաջին տեղակալն էր, ոստիկանապետի մեկ այլ տեղակալ էլ կար այնտեղ, ով խոսում էր բարբառով, իջևանցի է, հավանաբար Նիկոլի շրջապատից է, փաստորեն, այդ պահին այդտեղ գտնվողներն իր այն մտերիմներն էին, ովքեր անվտանգությունն էին ապահովում, որ Նիկոլը հնչեցնի հայաթափման ծրագիրն ԱԺ ամբիոնից: Ոստիկանին հարցրի՝ ի՞նչ է, ուզում եք, որ թուրքը գա, ձեր տիկնոջը բռնաբարի, նոր հասկանա՞ք, թե ինչ է կատարվում, այդ իմ խոսքի վրա նա ասաց՝ սրան բերման ենթարկեք: Ինձ բռնի ուժով բերման ենթարկեցին»,- պատմեց Փոստանջյանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը փոխանցեց, որ Կառավարության առջև բռնի ուժ չի կիրառվել, բերման ենթարկվողներ չեն եղել:
«Կառավարության առջև հանգիստ էր, հանդարտ էր, ով ինչ ուզում՝ խոսում էր, ոստիկաններ էլ կային, ոչ մեկի նկատմամբ ոչ բռնություն տեղի ունեցավ, ոչ մի այլ միջադեպ տեղի չունեցավ, բայց պարզվում է՝ որտեղ Նիկոլն է, այնտեղ բարձրաստիճան ոստիկաններ են, բռնի ուժի են դիմում: Երկու կարմիրբերետավոր իրենց բոլոր ջանքերը ներդնում էին, հավանաբար իրենք էլ նկարում էին, ցույց են տալիս, թե տեսեք՝ օրինակ, Զարուհի Փոտանջյանին, որ մտցրինք այդ մեքենայի մեջ, ոնց ենք այնտեղ ծեծել, քաշքշել, տեսեք՝ ինչ բռնություն գործադրեցինք»,- ասաց Փոստանջյանը:
Նա ցույց տվեց ձեռքի կապտուկները և պնդեց, որ կապտուկներ կան ոչ միայն թևի վրա, դիմել է դատաբժշկի, բռնության հետքերն արձանագրված են.
«Ես հասնելու եմ նրան, որ այդ մարդիկ պատժվեն, բոլորի դեմքերը լավ հիշում եմ, բոլորին գիտեմ, հետապնդելու եմ մինչև վերջ»:
Փոստանջյանը պատմեց նաև, որ իր նկատմամբ բռնություն կիրառվել է ոչ միայն ոստիկանական մեքենայում, որտեղ քաշքշելով փորձել են խլել իր հեռախոսը, այլև Քանաքեռ-Զեյթուն ոստիկանական բաժանմունքում:
«Քաղաքացիական հագուստով 5 ոստիկան՝ փորի հատվածում 10 կգ ճարպով, ինձ գալիս ինչ-որ բաներ էին ասում, ես էլ ասում էի՝ ինձ ներկայացրեք իրավական հիմքը, որով ինձ բերման են ենթարկել: Այդ ընթացքում ես զրուցում էի իմ փաստաբան գործընկերների հետ, այդ տղամարդիկ ասում էին, որ՝ հիմա կգան, ձեզ կբացատրեն, ես էլ ասացի՝ դե որ չեք բացատրում, ես գնում եմ, փորձեցի դուրս գալ այդ միջանցքից, հարձակվեցին վրաս, քաշքշեցին, հեռախոսս վերցրին, ինձ ուզում էին մտցնել մի սենյակ, որ այնտեղ ավելի դյուրին դառնար ոչ կամերաների առջև գործողություններ իրականացնել: Այդ ժամանակ ձեզ ուղղված «բ-ի տղերք» անվանումը ես շարունակում եմ պնդել: Ինձ բռնի ուժով մտցրին «Համայնքային ոստիկանության պետ. Սիրեկանյան» ցուցանակով աշխատասենյակ, այդ աշխատասենյակում 3 հոգի, այդ թվում՝ նաև այդ Սիրեկանյանը, մի ավելի ցածրահասակ, 10 կգ ճարպագնդով մեկը և կովկասյան-թաթարական դիմագծերով մի անձ հարձակվել են վրաս, բրթել են սեղանի վրա, և ասել են՝ «մենք հես ա կպառկեցնենք քեզ գետնին, տես՝ քեզ ինչ կանենք, կբռնաբարենք և կսպանենք»,- պատմեց Զարուհի Փոստանջյանը:
Նա նաև պնդեց, որ նախկինում իր նկատմամբ նման բռնություն չի կիրառվել: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահն ասաց, որ այստեղ իր անձի խնդիրը չէ, և ոչ էլ՝ իրեն վնասվածքներ հասցնելու:
«Այսօր ոչ միայն հայրենիքի հանձնում է տեղի ունենում, այլև տեղի է ունենալու հայկական տարածքից հայերի բնաջնջման գործընթաց, դրան են միտված այն բոլոր փաստաթղթերը, որոնք նույնիսկ արդեն ստորագրել է Նիկոլ Փաշինյանը: Չմոռանանք՝ ինչին էր ուղղված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ուղղված էր հայկական հողից հայերի հայաթափմանը: Այդ պրոցեսի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ են ևս լրացուցիչ փաստաթղթեր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ստորագրի»,- ասաց նա: