Աղմկոտ կրթություն
Աշխարհի լավագույն հոգեբաններից մեկը՝ Նոբելյան մրցանակակիր Դանիել Կահնեմանը նոր գիրք է հրապարակել իր 2 գործընկերների հետ։ Գիրքը կոչվում է «Աղմուկ»։ Կահնեմանը, որը ընթեցողներին հայտնի է «Մտածել արագ և դանդաղ» գրքով, շատ կարևոր գաղափարի վրա է ուշադրություն հրավիրում։ «Մտածել արագ և դանդաղ» գրքի հիմնական գաղափարներից մեկն այն էր, որ մարդն ունի մտածողության 2 համակարգ, որոնցից մեկն արագ է գործում, մյուսը՝ դանդաղ։ Ընդ որում, երկուսն էլ շատ անհրաժեշտ են մարդուն։ Պարզապես պետք է հստակ իմանալ՝ որ դեպքում համակարգերից որն ենք օգտագործում։
Կահնեմանի հետազոտությունները, մտքերը շատ կարևոր են մեր կրթական համակարգի կառավարման համար։ Անդրադառնանք Կահնեմանի «Աղմուկ» աշխատությանը։ Հետազոտության շրջանակում մասնագետներին են տրվել տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ՝ իրենց մանրամասներով։ Ստացվել են տարբեր եզրահանգումներ և լուծումներ։ Օրինակ, 208 դատավորների տրվել են 16 քրեական գործերի փաստաթղթերը, և ստացվել են տարբեր վճիռներ։
Դատավորների վճիռների միջև արձանագրվել են 3 տարվա տատանումներ։ Կահնեմանը նշում է, որ վճիռների վրա անգամ ազդում է եղանակը։ Պարզվել է, որ շատ շոգ օրերին դատավորներն ավելի խիստ վճիռներ են կայացնում։ Նմանատիպ տարբերություններ են արձանագրվել նաև բժիշկների կայացրած որոշումներում։
Եթե իրավաբանության և բժշկության մեջ կան նման տատանումներ, ապա կարելի է ենթադրել, թե ինչպես է աղմուկն ազդում Հայաստանի կրթության համակարգի կառավարման վրա։ Երկար տարիների իմ դիտարկումները ցույց են տվել, որ Հայաստանի կրթության համակարգի ղեկավարներն աշխատում են այնպիսի աղմկոտ միջավայրում, որ պարզապես հույս չկա նրանցից ակնկալելու արդյունավետ որոշումներ։ Նախարարները, փոխնախարարներն օրվա զգալի մասն անցկացնում են հեռախոսազանգերին պատասխանելով։ Ընդ որում, այդ հեռախոսազանգերի, այցերի շատ մեծ մասը ոչ թե վերաբերում են բովանդակային խնդիրների, այլ անձնական խնդրանքներ են։
Օրինակ՝ փոխնախարարի աշխատանքային ժամերից կարող են խլել 45 րոպե, որպեսզի նա ինչ-որ մեկին տեղավորի միջազգային կազմակերպության կողմից ֆինանսավորվող մի աշխատանքային խմբի կազմում։ Կամ նախարարի հանգստի մի քանի ժամից կարող են 30 րոպե խլել, որպեսզի խնդրեն նրա միջնորդությունն ինչ-որ մեկի՝ դպրոցի տնօրեն առաջադրվելու հարցում։ Լինում են նաև դեպքեր, երբ ինչ-որ դպրոցում 2 երեխաների միջև խնդիր է առաջանում, և հարցը հասնում է մինչև բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակ։
Անգամ, եթե մեր պաշտոնյաները հրեշտակներ լինեն և մերժեն բոլոր միջնորդությունները, նրանք, միևնույն է, չեն կարողանա խուսափել այս ամենի ստեղծած աղմուկի բացասական ազդեցությունից։ Քանի որ Հայաստանում գործում է կառավարման ուղղահայաց, հիերարխիկ համակարգ, բոլորը ցանկանում են գործը «գլխից բռնել»։
Արդյոք Հայաստանում եղե՞լ է կրթության նախարար կամ փոխնախարար, որը ամեն օր (ոչ թե երբեմն) գոնե 2 ժամ իր աշխատասենյակում փակվել է ու չի պատասխանել հեռախոսազանգերի՝ ժամանակը տրամադրելով մտածելուն, ուսուցողական նյութեր կարդալուն։ Չեմ կարծում։
Չի կարելի արդյունավետ որոշումներ ակնկալել մարդկանցից, որոնք օրվա մեջ մի քանի ժամ լռության մեջ չեն նստում և աշխատում։ Ինչպես ասում էր ամերիկացի գրող, փիլիսոփա Ռոբերտ Պիրսիգը. «Լռության մեջ ամեն ինչ ճիշտ ես անում»։ Հետևաբար, կրթության ոլորտում դրական փոփոխությունների որևէ հույս չկա, քանի դեռ պաշտոնյաներն աշխատում են բարձր աղմուկի պայմաններում։
Բարձր աղմուկը, կառավարման ոլորտում, մառախուղի պես մի բան է։ Ինչպես մառախուղի ժամանակ բան չես տեսնում, այնպես էլ բարձր աղմուկի ժամանակ քո համակարգի խնդիրները չես տեսնում։ Կամ լավագույն դեպքում տեսանելիությունդ մինչև 5 մետր է, և տեսնում ես միայն քո մերձակայքի մարդկանց։
Հայաստանի նման բարդ երկրում ինչպես կարող ես համակարգեր ստեղծել, ռազմավարական խնդիրներ լուծել, եթե հեռապատկեր չունես։ Դրա համար կրթական համակարգը շարունակում է արդյունավետ լուծել, լավագույն դեպքում, անձերի հարցերն ու կարճաժամկետ խնդիրները։
Ինչո՞ւ 6 տարի շարունակ Հայաստանը չունի կրթության տեսլական, ռազմավարություն։ Որովհետև այդ հարցի շուրջ աղմուկ չկա։ Փորձիր Հայաստանի կրթության ոլորտում ազդեցիկ մեկի ոտքը տրորել, անձնական ամբիցիաները չբավարարել։ Անմիջապես աղմուկ-մառախուղ կբարձրանա, ու դու կդադարես տեսնել կրթության բուն բովանդակային հարցերը։ Արդյունքում, անընդհատ հետաձգում ես ռազմավարական, լուրջ հարցերը և զբաղվում ընթացիկ հարցերով, անձնական միջնորդություններով։
Այս իրավիճակում միակ լուծումն այն է, որ նախարարությունը ստեղծի ուղեղային կենտրոն, որում կներգրավվեն երկրի լավագույն մասնագետները։ Այդ մարդկանց հնարավորինս հեռու պահելով կրթության ոլորտի աղմուկից, հնարավոր կլինի առաջ տանել կրթության հեռանկարային հարցերի օրակարգը։ Եթե սա չարվի, որևէ հույս չկա աղմկոտ միջավայրից ակնկալելու արդյունավետ լուծումներ։