Իմքայլական ավագանին չի մասնակցել որևէ նիստի. գործընկերներն առաջարկում են դադարեցնել նրա լիազորությունները

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է ավագանու՝ մայիսի 25-ի նիստի օրակարգը: Հարցերից մեկը վերաբերում է մի որոշման նախագծի, որով քաղաքային իշխանության «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Գալջյանը, Մարատ Թոխյանը, Լևոն Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հունանյանը, Գրիգոր Երիցյանը և Արման Բաբաջանյանն առաջարկում են մանդատից զրկել իրենց խմբակցության մեկ այլ անդամի՝ Գևորգ Աճեմյանին: Որոշման նախագծի հեղինակները վստահեցնում են, որ նա մանդատը ստանալու օրվանից, այսինքն՝  2020թվականի դեկտեմբերի 17-ից հետո չի մասնակցել ավագանու հերթական որևէ նիստի:

««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երևան քաղաքի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, ինչպես նաև Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով պարտավոր է անդամակցել որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին, սակայն Երևան քաղաքի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանը չի անդամակցել որևէ մշտական հանձնաժողովի, հետևաբար՝ չի մասնակցել որևիցե հանձնաժողովի նիստի»,- գրված է հիմնավորման մեջ:

Նշենք, որ նրա՝ մանդատը ստանձնելուց հետո տեղի է ունեցել ավագանու 4 նիստ՝ 2020-ի դեկտեմբերի 22-ին, 2021թ. փետրվարի 9-ին, մարտի 16-ին և ապրիլի  20-ին: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: Նույն օրենքով՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին: Եթե նկատի ունենանք, որ  այս տարվա ընթացքում ավագանին  ընդամենը երեք նիստ է հրավիրել՝ յուրաքանչյուր ամիս մեկ անգամ, կարելի է ենթադրել, որ առջևում մնացել է ևս երկու նիստ՝ մայիս և հունիս ամիսներին, ապա ստացվում է, որ  Գևորգ Աճեմյանը մեկ հերթական նստաշրջանի ընթացքում բացակայել է ավագանու նիստերի ավելի քան կեսից: Մնում է, որ իմքայլականները պարզեն, թե այդ բացակայությունները հարգելի՞, թե՞ անհարգելի են եղել:

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի էջի «Երևանի ավագանու կազմը» բաժնում բացակայում է Աճեմյանի լուսանկարն ու կենսագրությունը:

Իմքայլական ավագանիների բացակայությունները նորություն չեն, նիստերից մեկի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խնդրանքով դիմել էր քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նա գոնե մեկ անգամ ապահովի ավագանու 65 անդամների ներկայությունը նիստին, քանի որ կան «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ, որոնք երբևիցե չեն ներկայացել նիստերին: Չնայած այս պնդմանը՝ ավագանու որևէ այլ անդամի լիազորությունները դադարեցնելու համար նման նախագիծ չի ներկայացվել:

Տեսանյութեր

Լրահոս