«Իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, Փաշինյանի հայտարարություններն առավել ևս մտահոգիչ են». Թագուհի Թովմասյան

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանում Ադրբեջանն ունի անսպասելի կամ շատ սպասելի դաշնակիցներ։

«Բառիս բուն իմաստով՝ Ադրբեջանն այստեղ ունի դաշնակիցներ, կրկին ուզում եմ ասել, չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չէ, չգիտեմ, գուցե ամբողջ աշխարհում այդպես է։ Այդ մարդիկ նախ 2020 թվականին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա, հրապարակային բաց, նրանք բոլորովին վերջերս Ազգային ժողովում, ամեն տեղ ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը»,- իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից միշտ հետաքրքրվել է, պատերազմից հետո ի՞նչ իրավիճակ է դիրքերում, այնտեղ արդյո՞ք առկա խնդիրները լուծվում են։ Հետևաբար՝ կարծիք է ձևավորվել, որ Նիկոլ Փաշինյանն ասելով, որ մարդիկ Ազգային ժողովում, ամեն տեղ ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը, նկատի ուներ հենց Թագուհի Թովմասյանին։

168.am-ի հետ զրույցում Թագուհի Թովմասյանն ասաց, որ, եթե Նիկոլ Փաշինյանը որևէ բան ունի ասելու, և այն իրեն է վերաբերում, լավ կլինի, որ անվանական ասի։

«Ես նրա որևէ հայտարարություն ինձ չեմ վերագրում, եթե բան ունի ասելու, թող իմ անունը հնչեցնի, այդ դեպքում ես կմեկնաբանեմ»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Անդրադառնալով Գեղարքունիքում և առհասարակ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց.

«Իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, Փաշինյանի հայտարարություններն առավել ևս մտահոգիչ են։ Այն միանձնյա հանձնառությունը, որ ՀՀ սահմանները որոշել է միայնակ Ալիևի հետ գծել, սա առավել մտահոգիչ է»։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ նախաձեռնում են ԱԺ արտահերթ նիստ՝ հույս ունենալով, որ հաջողության կհասնեն, որի դեպքում կպարտադրեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ներկայանա ԱԺ, գոնե դռնփակ նիստի ֆորմատով բացատրի, թե ինչ դեմարկացիա է իրականացնելու, սահմաններն ինչպես են գծելու, և որտեղ են տեղակայվելու ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները և որտեղ՝ հայկական զինուժը։

«Նա պարտավոր է գալ ու այդ ամենը ներկայացնել ՀՀ-ում առաջնային մանդատ ունեցող մարմնին՝ խորհրդարանին, և մենք՝ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներս, պիտի ծանոթ լինենք, թե 100 տոկոս հայանպաստ փաստաթուղթն ի՞նչ է ենթադրում, ի՞նչ ճակատագիր է մեզ սպասվում»,- եզրափակեց Թագուհի Թովմասյանը։

Տեսանյութեր

Լրահոս