«Մեր զորքը նաև այստեղ է՝ գյուղում․ ապաստարանների մասով բնակիչներին իրազեկել ենք»․ Կութի գյուղապետ

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ թշնամու մի քանի հարյուր զինվոր, խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել, և պատճառաբանելով, թե դրանք իրենց տարածքներն են, չեն հեռանում։

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում իրավիճակը նույնն է, թշնամին մայիսի 12–ից ոնց եկել դիրքավորվել է մեր սարերի վրա, ոչ մի թիզ չի նահանջել, իսկ գյուղացիներն էլ սպասողական վիճակում են, տեսնեն՝ իշխանություններն ինչ են անելու․

«Ոչ մի փոփոխություն չկա, սպասողական վիճակում։ Սպասում ենք, որ գան սահմանի ճշգրտումներն անեն, էն էլ չեն գալիս։ 4-5 օր առաջ ասում էին՝ վաղն է ժամկետը, վաղը-վաղը, բայց չեն եկել, մեր մոտ բանակցություններ չկան, միգուցե ուրիշ տեղ անում են, բայց մեզ մոտ ոչ մի փոփոխություն չկա»։

Համայնքի ղեկավարը դժգոհեց, որ համացանցում շատերն ապատեղեկատվություն են տարածում և դրանով սահմանամերձ գյուղերում խուճապ են տարածում, ասաց,՝ ինչ-որ մեկն ասել է, թե թուրքերը մտել են իրենց գյուղ և անասուն են գողացել, բայց նման բան չի եղել, իսկ ինչ վերաբերում է գյուղում տիրող իրավիճակին՝ ասաց․

«Խուճապ չկա, բայց վախ կա։ Մեր զորքը նաև այստեղ է՝ գյուղում, անվտանգային նկատառումներից ելնելով՝ չեմ կարող ասել, թե կոնկրետ որտեղ են մնում, բայց գյուղի տարածքում են»։

Համայնքի ղեկավարն ասաց, որ գյուղում վախ առաջացել է հատկապես երեկ ադրբեջանցի և հայ զինվորականների միջև վիճաբանության տեսանյութի տարածումից հետո․

«Զինվորականները մեզ ոչ մի բան չեն ասում, ինչքան նայեցինք՝ տեսնենք, թե դա մե՞ր սարն է, թե՞ կողքի գյուղի սարը, չկարողացանք ջոկել։ Տեսանյութից հետո մարդկանց մոտ վախ կա, բայց գյուղից դուրս գալու, փախչելու մասին որևէ մեկը չի մտածում, որովհետև մեր զինվորականները մեզ հույս են տալիս, սիրտ են տալիս, որ՝ մի հուսահատվեք, մի ընկճվեք, խուճապի մի մատնվեք․․․ Հույսով կանգնած սպասում ենք, որ մի բան կորոշեն»։

Կութ համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ գյուղում ապաստարանների վերաբերյալ իրազեկում եղե՞լ է, որ եթե ինչ-որ գործողություններ սկսվեն, բնակիչները տեղափոխվեն ապաստարաններ․

«Ամենքս մեր գյուղի համար արդեն գիտենք, թե որտեղ․․․ Դեռ Արցախյան պատերազմի ժամանակից իրազեկել ենք, հիմա էլ՝ այս օրերի ընթացքում, բնակիչներին տեղեկացնում ենք, թե որ թաղամասը, որ տները։ Հիմա էլ զանգով, ամեն ձև իրազեկում ենք, գիտեն՝ ով ինչ պետք է անի»:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե դրանք իր տարածքներն են, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս