«Նիկոլը մենակ չի ստեղծել այս ամենը, իրեն օգնել են ոչ միայն շարքային անխելք ուսապարկերը, այլև Դավիթ Անանյանի նման շատերը․․․»

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր ազգային արժանապատվությունը նվաստացնող տեսանյութը, ԱՆԻՐԱԿԱՆ Հայաստանը ու ՊԵԿ նախկին ղեկավար Դ. Անանյանի հարցազրույցը․․․

Ադրբեջանցիների կողմից մեր զինվորականներին զինաթափելու խայտառակ տեսանյութը բոլորդ դիտել եք վստահ եմ: Մեր ազգային աղետը, ողբերգությունը, նվաստացումը շարունակվում է, բայց կարծես մի անտեսանելի ուժ մեր միջից հանել է դիմադրողականությունը ու մենք հիմա էլ ադրբեջանցիներին ենք անիծում… ֆեյսբուքում, ինչպես վերջին երեք տարին իրար ենք սիրում ու ատում… էլի ֆեյսբուքում:

Իսկ իրական Հայաստանը քչանում է, նոսրանում ու դառնում անիրական: Ինչպես անիրական էին մեր արժանապատիվ ակնկալիքները ՊՆ-ից ու գենշտաբից:

ԱՆԻՐԱԿԱՆ Հայաստանի պատասխանատուները (ուղղակի և անուղղակի) շատ են ու խորքային: Հենց միայն երեկվա համար նիկոլականները դաժան պատժի պիտի արժանան`կեղծ հերքումներով հասարակությանը փսիխոզի հասցնելու համար: Մինչ այս տեսանյութը երեկ օրվա առաջին կեսին էլ տարածվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Դ. Անանյանի հարցազրույցը, որտեղ նա կոչ էր անում չընտրել սրանց և այլն:

Ինչու սրանց չընտրել ես անձամբ գիտեմ գրեթե երեք տարի, բայց մի տեսակ տարօրինակ զգացում ունեցա ընթերցելով նրան ու արձագանքները այդ հարցազրույցին:

Զգացումներս սրվեցին հայ զինվորականների նվաստացման տեսանյութը դիտելիս ու որոշեցի գրել: Բացատրեմ՝ ինչու:

Մենք այս անարժանապատիվ ու սին վիճակին նոր չենք հասել: Այս երեք տարիների ընթացքում քայլ առ քայլ նիկոլն ու իր մանկլավիկները մարդկանց ներշնչել են կեղծ հպարտություն, ստեղծել պատրանքներ ու վերացրել իրար լսելու ու հավատալու կարողությունը: Նիկոլը մենակ չի ստեղծել այս ամենը, իրեն օգնել են ոչ միայն շարքային անխելք ուսապարկերը, այլև Դ. Անանյանի նման շատերը, ովքեր, օրինակ, պատվերով հարկային ստուգումներ են իրականացրել, ապօրինի ու անհեռանկար քրեական գործեր են հարուցել տվել, դրա վրա փիառվել, իրենց մտերիմներին են տեղավորել, 2018-ի բյուջեն չկատարելով պատմել են, որ կատարել են, հովանավորչություն են արել ու հետո՝ մի ինչ որ պահի, Շնորհակալություն հայտնելով նիկոլին հեռացել ստվեր՝ ունեցածը հանգիստ վայելելու:

Նման մարդիկ նիկոլ-հրեշի կենարար աղբյուրներն են եղել, մեկը՝ գիտելիքով, մյուսը` ամբիցիաներով, երրորդը` վրեժով, չորրորդը` ծառայամտությամբ: Նրանք նպաստել ու կերտել են նիկոլյան Հայաստանը, որը վերացնում է, ավելին` վերացրել է իրական Հայաստանը:

Ու հիմա, երբ նրանք այս օրհասական վիճակում հանկարծ խոսում են երբեմնի տիրոջ դեմ, սկսվում է ինքնամոռաց հերոսացման փուլ: Ընդ որում` կապ չունի ով է, կոռումպացված դատավոր, տարիներով ապօրինի կալանք տվող դատավոր, պատվեր տվող իրավապահ, ապօրինություններ արած պաշտոնյա, 3 տարի լռած ու պատերազմից հետո հանկարծ արթնացած «արժանապատիվ» պաշտոնյա… մի բառը նիկոլի դեմ, նրան սարքում է պատիվ ունեցող ու… սկզբունքային: Դա նման է նրան, որ 2018-ին նիկոլի կողքը կանգնող ցանկացած կոռուպցիոներ թալանչի «մաքրվում» ու դառնում էր ժողովրդի կողքին կանգնած անձ:

Երբեմն տպավորություն է, որ եթե մի օր անգամ նիկոլն ու իր կինը իրենք իրենց դեմ ցուցմունք տան, նրանց էլ կհերոսացնեն:

Իսկ առհասարակ ո՞վ է ասել, որ քաղաքական հայտարարությունը կամ քաղաքականությունը բարոյապես ու հատկապես` իրավաբանորեն ազատում են մեղքերից, այն էլ` պետության առաջ գործած մեղքերից: Ստացվում է` պետությունը դե ֆակտո պիտի դադարեր լինել, որ հնչեին այն փրկելու կոչե՞ր: Բայց դա ազնի՞վ է:

Իհարկե, յուրաքանչյուրը կարող է սխալվել, սխալն ընդունելն էլ խիզախություն է, բայց նախ` սխալի գինը մեծ է շատ, երկրորդ`դա այն նվազագույնն է, որ ուղղակի կարելի է անել սերունդների առաջ ներողության շրջանակներում, երրորդ` կլինի՞ սխալն ընդունելիս անպայման մեզ փրկելու առաքելություն չստանձե՞ք: Այս երկիրն այնքան արկածախնդիր է տեսել: Բավ է:

Հ.Գ. Ես հայրենիքի անունից ներելու լիազորություն չունեմ: Ու բոլոր նրանք, ովքեր կասեն, որ հիմա միասնաբար է պետք պայքարել սույն ազգակործան պատուհասի դեմ, ես մի բան կասեմ, իսկ գո՞ւցե ինչ որ բան չի ստացվում, որովհետև լավի ու վատի, ճշտի ու սխալի սահմանն ենք խառնե՞լ, գուցե իրերն իրենց անունով չենք կոչե՞լ, որովհետև հակահերոսներին հերոս ու փրկիչ ենք դարձրել: Գուցե:

Հ.Գ. 2 Դավիթ Անանյանի փոխարեն ազատ եք դնել ցանկացած այլ նախկին նիկոլականի անուն»:

Տեսանյութեր

Լրահոս