Մեզ տեսնելով՝ սկսեցին հայհոյել՝ եբրայերենով և ռուսերենով՝ «Մահ հայերին», «ազերները ձեզ լավ արեցին՝ սպանեցին»․ Տեր Տիրան վարդապետ Հակոբյան

168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ծայրահեղականների կողմից կեսգիշերին հարձակում է եղել Երուսաղեմի հայ վարդապետներից մեկի վրա։

Ավելի ուշ միջադեպի առթիվ հայտարարություն էր տարածել նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը․ «Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանություն, դրանից հետո հարձակվողներից երեքը ձերբակալվել են: Մեր պահանջն է, որ ոստիկանությունն արդար քննություն կատարի, և հանցագործները պատժվեն օրենքի համաձայն՝ ապագայում նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար»։

Այսօր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ դեպքից մանրամասներ է հայտնել․ «Մայիս 17-ի կեսգիշերին, լույս 18-ին,  մոտավորապես 00:20-ին, մի քանի հրեաներ հարձակվեցին իմ և Հայր Արբակի վրա։ Միասին Սուրբ Հարության Տաճար էինք իջնում՝ ծառայության։ Մեզ տեսնելով՝ սկսեցին հայհոյել՝ եբրայերենով և ռուսերենով՝ «Մահ հայերին», «ազերները ձեզ լավ արեցին՝ սպանեցին», «ձեզի պիտի սպանենք ձեր Եշուային նման», «մահ Քրիստոնյաներին»։ Իսկ երբ նրանց ոստիկանատուն հրավիրեցի, պատասխանեցին. «մենք ոստիկանների…, ոստիկանների առջև ձեզ կծեծենք»։

Ծեծկռտուքը իրենք սկսեցին, և առաջին հարվածը ինձ տվեցին, ապա Հայր Արբակը ինձ ուզեց պաշտպանել, և ինքն էլ հարված ստացավ,  և երեքով հարձակվեցին Հայր Արբակի վրա։ Ծեծկռտուքի ժամանակ ոստիկաններ կանչեցի, որոնք անմիջապես հասան, և նրանցից չորսին ձերբակալեցին, որ հիմա ազատ են արձակվել  չբացակայելու պայմանով։ Հարուցված է քրեական գործ»։

Վարդապետը նաև նշել է, որ Հայր Արբակն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ ոստիկանապետը Հայոց պատրիարքի հետ զրույցում հաստատել է, որ քրեական գործն իր հսկողության ներքո է։

Տեսանյութեր

Լրահոս