«Աբսուրդ մեղադրանք է»․ Սեյրան Օհանյանի փաստաբան

 Հատուկ Քննչական ծառայությունն այսօր տեղեկացրել է, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով    (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու) մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

«Աբսուրդ մեղադրանք է,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեղադրանքի էությանը՝ նշեց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ մանրամասնելով,- Վատնումը հափշտակության տեսակներից է և ուղղակի դիտավորությամբ կատարվող արարք է։ «Ձորա ՀԷԿ»-ի հետ կապված պարոն Օհանյանը որևէ նման բան չի կատարել․ մեղադրանքը սկզբից մինչև վերջ չհիմնավորված ենթադրությունների հիման վրա է։

ՀԷԿ-ի  օտարումը տեղի է ունեցել կառավարության որոշման  հիման վրա՝ ընդ որում, պարոն Օհանյանը կառավարության այդ նիստին չի էլ մասնակցել, և այդ գործարքին առնչվել է այնքանով, որքանով, որ «Ձորա ՀԷԿ»-ը  Պաշտպանության նախարարության հաշվեկշռում է եղել․ ընդամենը։ Գործով էլ հիմնավորվում է, որ ողջ գործընթացը՝ նախագծերի պատրաստումից մինչև գնորդների հետ բանակցությունները և այլն, իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը»։

Փաստաբանը հավելեց նաև, որ վատնման մասին որևէ հիմնավորում չկա, և մեղադրանքը սնանկ է և՛ փաստերի,  և՛ իրավական գնահատականի առումով։  Նա հույս հայտնեց, որ դատախազը  չի հաստատի մեղադրական եզրակացությունը։

Տեսանյութեր

Լրահոս