Առաջնահերթ միջոցառումների ցանկում անհրաժեշտ է ընդգրկել հայկական նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը. Կարեն Ղազարյան
ՀՀ նոր ԱԷԿ–ի կառուցման ակնարկ Պետական անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերության, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտի արդիականացումն ազգային անվտանգության կարևորագույն մարտահրավերներից է և առաջիկայում մրցակցային տնտեսության զարգացման կարևոր նախապայման:
Հայաստանի նոր կառավարության կողմից տնտեսության զարգացմանն ուղղված առաջնահերթ միջոցառումների ցանկում անհրաժեշտ է ընդգրկել հայկական նոր ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ-ի) կառուցման ծրագիրը: Հայտնի է, որ ներկայումս շահագործվում է ՀԱԷԿ-ի 407,5 ՄՎտ հզորությամբ N2 էներգաբլոկը:
«ՀԱԷԿ» ՓԲԸ կողմից առաքված էլեկտրական էներգիան կազմում է մոտ 2.55 մլրդ կՎտԺ, ինչը ՀՀ-ում առաքված էլեկտրական էներգիայի մոտ 36%-ն է: Ըստ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի՝ այն կգործի մինչ 2026թ.։ Կարդացեք նաև Կարեն Ղազարյան. Տնտեսությունում ճգնաժամային իրավիճակը շարունակվում է, ունենք բավական խորքային խնդիրներ ՀԱԷԿ-ի հնարավորինս երկարաժամկետ աշխատանքը, նոր էներգաբլոկի կառուցումը կարևոր է ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլ ՀՀ ազգային և պետական անվտանգության համատեքստում Փորձագիտական հատվածն անհանգստացած է ՀԱԷԿ-ի հնարավոր փակմամբ. «Հայաստանի Հանրապետություն»:
Նշեմ նաև, որ ներկայումս ԱԷԿ-ի 600 Մվտ հզորությամբ 1 մոդուլային բլոկի կառուցման արժեքը կազմում է մոտ 3.5 – 4 մլրդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ ենթակառուցվածքները, իսկ կառուցման ժամկետը մոտ 5 տարի է: Հայաստանն ունի նաև արևային էներգիայի մեծ ներուժ (1 մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով)։ Անհրաժեշտ է փաստել, որ վերջին 5 տարիների ընթացքում վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային և հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ կատարվել են օրենսդրական և նորմատիվ բավարար կարգավորումներ։ ՀՀ-ում տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ և պոտենցիալ 1.26 մլրդ. կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրանքով:
Չնայած այդ հսկա պոտենցիալին, ներկայումս արևային և հողմային էլեկտրակայանների, ինչպես նաև ինքնավար արտադրողների կողմից առաքվել է էլեկտրաէներգետիկական համակարգի 1%-ից պակաս էլեկտրաէներգիա: Հարկ է նշել, որ արևային և հողմային էլեկտրակայանների զարգացումն ամբողջությամբ չի կարող կոմպենսացնել ՀԱԷԿ-ի առաքած էլեկտրաէներգիան, հատկապես հաշվի առնելով միջազգային տրենդերը՝ մինչև 2030թ. ավտոտրանսպորտային միջոցների մինչ 30% կանխատեսվող փոխարկումն էլեկտրամոբիլների, 5G ցանցերի ներդրումը, ինչպես նաև էլեկտրական սարքավորումների տարածման տենդենցները։ Համադրելով թվերը կարող ենք փաստել, որ նոր ԱԷԿ-ը 1 ՄՎտ հզորության հաշվարկով կարտադրի է մոտ 8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Պետության կողմից գնման սակագինը կազմում է 7 ՀՀ դրամ՝ համեմատած 24,2 դրամ արևային կայանների կողմից առաքված Էլեկտրաէներգիայի։
Արևային էլեկտրակայանի 1 Մվտ հզորության կտրվածքով ցանցին միջինում առաքվում է 1,7 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, իսկ կառուցման ինքնարժեքը կազմում է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար։ Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ ԱԷԿ-ի 1 միավորի հաշվարկով դրվածքային հզորությունը 2-2.5 անգամ կապիտալ ինտենսիվ է (թանկ է): Սակայն, հաշվի առնելով արևային վահանակների առավելագույնը 20 տարի շահագործման ժամկետը և ԱԷԿ-ի 40 տարվա շահագործման հեռանկարը՝ միավորի հաշվարկով նման ներդրումները կարելի է ընդունել համարժեք։ Ավելին, հաշվի առնելով ԱԷԿ-ի հավասարաչափ գեներացիան՝ ի հակադրություն արևային կայանների (ցերեկը՝ պիկային գեներացիա, գիշերը՝ 0), այն ավելի նախընտրելի է: Իսկ միջուկային էներգետիկայի ոլորտի մասնագետները միանշանակ կփաստեն ԱԷԿ-ի նշանակությունը երկրի զարգացման ռազմավարական առումով, ինչպես նաև գիտության և երիտասարդ մասնագետների կրթության ասպեկտներում ԱԷԿ-ի կարևորությունը: Արդյունավետության առումով մրցունակ այլընտրանք կարող է համարվել ժամանակակից, բնական գազի համակցման ցիկլով աշխատող ՋԷԿ-ը՝ բնական գազ արդյունահանող երկրների դեպքում կամ երկարաժամկետ ու կայուն մրցունակ գնով բնական գազի մատակարարման պարագայում:
Հարց է առաջանում է, իսկ որտեղի՞ց գումար հայթայթել նոր ՀԱԷԿ-ի կառուցման համար: Վիճակագրական տվյալները վկայում են, որ աշխարհում առկա է դրամական միջոցների բավականաչափ ավելցուկ, որը դժվար է կիրառություն գտնում մասշտաբային ներդումային ծրագրերի ֆինանսավորման նախագծերում, քանի որ դրանց քանակը նվազել է: Վերջին տարիներին ԱՄՆ, Չինաստանի և ԵՄ երկրների կառավարությունների տնտեսության խթանիչ փաթեթների և դրամավարկային «Քանակական մեղմացումների» (Quantitave easing monetary policy) հետևանքով ձևավորված միջազգային ավելցուկ միջոցները հնարավոր է ուղղել ՀՀ տնտեսության զարգացմանը՝ նմանատիպ մասշտաբային ծրագրերի իրականացման ձևաչափով: Անհրաժեշտ է բանակցել ոչ թե սուվերեն երաշխիքի դիմաց վարկավորում ստանալու և պետական պարտքը ավելացնելու ձևաչափով, այլ խոշոր երկրների կառավարությունների և/կամ միջուկային էներգետիկայի խոշորագույն ռուսական, ֆրանսիական և ամերիկյան ընկերությունների հետ (օրինակ՝ «Ռոսատոմ» կամ «AREVA») EPCM պայմանագրի (այն է՝ նախագծման, մատակարարման, շինարարության և կառավարման պայմանագրի) շրջանակներում՝ հստակ նախանշելով ծրագրի գործունեության ընթացքում հիմնական ցուցանիշները (KPI)։
Այս ամենն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է ընդամենը հետևյալը․ ունենալ տնտեսական զարգացման հայեցակարգ՝ համալիր և հետևողական մոտեցումներով, որոնց արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ է հավաքագրել գրագետ ու փորձառու բանակցողների և խորաթափանց որոշում կայացնողների թիմ։ Սրանք են տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները, որոնց լուծման պարագայում երկրում կգրանցվի բեկումնային դրական արդյունք և միայն այդ դեպքում արժանի կլինենք մնալ միջուկային երկրների ակումբում, հետ չընկնել միջազգային տենդենցներից, մշտապես խրախուսել մեր երկրի կրթության և գիտության զարգացումը՝ դաստիարակելով բարձր որակավորում ունեցող մրցունակ մասնագետներ:
Կարեն ՂԱԶԱՐՅԱՆ