ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան: Տարվա արդյունքներով բանկն ապահովել է վերջին տարիների կտրվածքով ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով: Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 23,1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 10% աճ: Զուտ  կոմիսիոն եկամուտներն աճել են 28%-ով և կազմել 3 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի ընդհանուր ակտիվները տարվա ընթացքում աճել են 8,6%-ով և կազմել 333,8 մլրդ ՀՀ դրամ: Վարկային պորտֆելը գրանցել է 7,7% աճ՝ մինչև 227,7 մլրդ ՀՀ դրամ՝ կազմելով Բանկի ընդհանուր ակտիվների 68,2%: Ֆիզիկական անձանց վարկերն աճել են 9,1%-ով՝ մինչև 184 մլրդ ՀՀ դրամ,  իրավաբանական անձանց վարկերը` 2,4%-ով՝ մինչև 43,6 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունների ծավալը կազմել է 284,1 մլրդ ՀՀ դրամ (+9,5%), որից 261 մլրդ ՀՀ դրամը ներգրավված միջոցների ծավալն է (+7%):

ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է Հայաստանի բանկային շուկայում իր դիրքերը հիմնական ցուցանիշներով և առաջատար է դրանցից որոշների գծով: Տարվա արդյունքներով Բանկի սպառողական վարկերի պորտֆելը կազմում է 94 մլրդ ՀՀ դրամ, որը համապատասխանում է շուկայի մասնաբաժնի 21%-ին: Թողարկված վճարային քարտերի քանակը հասել է  360 հազարի (շուկայում մասնաբաժինը` 14%), աշխատավարձային քարտեր՝ 96 հազար (15%), կենսաթոշակային քարտեր` 114 հազար (36%): Վճարված դրամական փոխանցումներ ծավալը կազմել է 88,3 մլրդ ՀՀ դրամ, որը համապատասխանում է շուկայի մասնաբաժնի 13,5%-ին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար դիրքեր է գրավում նաև պետական ծրագրերի սպասարկման ծավալով՝ 2020թ.-ին ավելացնելով այդ ցուցանիշը 28%-ով՝ մինչև 81,5 մլրդ ՀՀ դրամ: Բացի այդ, Բանկը ներկայումս ունի մասնաճյուղերի և բանկոմատների ամենալայն ցանցը:

2020թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակել է ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ  բիզնեսի ակտիվ զարգացումը: Բանկն առաջին անգամ մեկնարկել է օնլայն ապառիկ և սպառողական վարկավորում, վճարային մատանիներ, մանկական, պատանեկան, ուսանողական քարտեր, ինչպես նաև մի շարք նոր վարկային ծրագրեր՝ խոշոր ավտոսրահների և կառուցապատող ընկերությունների հետ: Բանկը բացել է Հայաստանում առաջին հիփոթեքային կենտրոնը` միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Մանրածախ բիզնեսի պրոդուկտների շարքի և հաճախորդների հեռահար սպասարկման ուղիների ընդլայնման շնորհիվ 2020թ.-ին Բանկն ապահովել է նոր հաճախորդների ներգրավում և գործող հաճախորդների հավատարմության բարձրացում: Ակտիվ ֆիզիկական անձ հաճախորդների թիվը հասել է 561 հազարի, ինչը կազմում է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 44%-ը:

Բրոքերային սպասարկման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է բրոքերային սպասարկման ծառայությունը՝ ռուսական և միջազգային արժեթղթերի շուկաներում բրոքերային գործարքներ կնքելու էլեկտրոնային հասանելիություն Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои Инвестиции» բջջային հավելվածի միջոցով:

Միջին և փոքր բիզնեսում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորվել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Թել-Սելլ» ՓԲԸ-ն, «Տոյոտա Երևան» ավտոսրահը, «Արդիս» ՍՊԸ-ն, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն և այլն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Տնօրինության Նախագահ – Գլխավոր-տնօրեն Իվան Տելեգինը մեկնաբանել է. «Չնայած 2020թ․-ի օբյեկտիվ բարդություններին՝ մեզ հաջողվեց գրանցել ռեկորդային շահույթ: Մենք բարելավել ենք մեր պրոդուկտների և ծառայությունների որակը, բարձրացրել ենք Բանկի բիզնես-գործընթացների արդյունավետությունը և կառավարելիությունը: Բանկի ռազմավարական ծրագրի շրջանակներում 2021թ.-ին մենք նախատեսում ենք այնպիսի կարևոր նախագծերի մեկնարկ, ինչպիսիք են անցումը Մուլտիկարտա պրոցեսինգային կենտրոնին՝ քարտապանների սպասարկման որակի բարելավման նպատակով, անցումը նոր՝ տեխնոլոգիապես հագեցած Մոբայլ/Ինտերնետ բանկ համակարգերի, Armenian Guide բջջային հավելվածի հիման վրա ազգային տուրիստական քարտի, դրամական փոխանցումների սեփական համակարգի: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը կշարունակի ակտիվորեն մասնակցել կառավարության բոլոր ծրագրերին և նախաձեռնություններին՝ ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, այդ թվում, աջակցելով գյուղատնտեսության և փոքր բիզնեսի զարգացմանը»:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս