Գագիկ Բեգլարյանին չեն հայտնաբերել, նա ինքնակամ է ներկայացել ԱԱԾ. փաստաբան

ՀՀ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն էր տարածել  Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի կալանավորման վերաբերյալ։

«Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Գ․ Շամշյանն էլ հայտնել էր ՝ Գագիկ Բեգլարյանին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկ՝ ժողովրդին հայտնի «ԱԱԾ մեկուսարան»։

«Իմ պաշտպանյալը վաղօրոք դիմում է գրել, ինքնակամ ժամանել է ՀՀ և ներկայացել է Ազգային անվտանգության ծառայություն։ Ինքը առաջադրված մեղադրանքը չի ընդունել»,- 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը։

Վերջինս նաև նշեց, որ տեղեկությունը, որն առավոտից տարածվում է, թե իր պաշտպանյալն օպերատիվ տվյալները իրացնելով  հայտնաբերվել է, չի համապատասխանում իրականությանը․ «Ինքնակամ ժամանել է Հայաստան և ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին՝ վաղօրոք վարույթն իրականացնող մարմնին դիմում ներկայացնելով իր գալու վերաբերյալ»։

 168.am-ի տեղեկություններով՝ օրերս կորոնավիրուսից մահացել էր Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Յուրի Բեգլարյանը, և նա  հավանաբար նաև այս պատճառով է ժամանել Հայաստան։

Հիշեցնենք՝ դեռ 2020 թվականի մարտ ամսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հետախուզում է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ, Հանրապետականի նախկին անդամ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքի յուրացման համար։ Ըստ ԱԱԾ-ի` դատարանը որոշել է կալանավորել Բեգլարյանին։ Նա, սակայն,  չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

 

Ի դեպ, 2020 թվականի հունիսին հետախուզում էին հայտարարել նաև Յուրի Բեգլարյանի նկատմամբ:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս