«Պարզ չէ՞, թշնամին հատել է ՀՀ սահմանը, իսկ մեր անողնաշար կառավարությունը փորձում է բանակցել՝ ո՞ւմ հետ, ինչի՞ մասին». Աշոտ Սևյան
Մայիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ եկած թշնամին շարունակում է հետ չգնալ` նշելով, որ վերադասից հրաման ունեն հետ չգնալու։ Բազմաթիվ փորձագետներ հայտարարում են, որ թշնամին, որը հատել է սահմանը, պետք է ձերբակալվի կամ գերեվարվի, ավելին, նրա հետ բանակցել պետք չէ, քանի որ նա հատել է ՀՀ պետական սահմանը։
168.am–ի հետ զրույցում ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարցի Աշոտը, նշեց՝ եթե թշնամին պետական սահմանը թեկուզ մեկ մետր հատել էր, ապա ՀՀ զինված ուժերը պետք է նրան կա՛մ ոչնչացնեին, կա՛մ գերեվարեին։
«Մեր զինված ուժերը մինչև հիմա որևէ բան չեն անում, բնական է, որ վերադասից հրաման չունեն, իսկ վերադասն էլ փորձում է տարածքները սուսուփուս զիջել։ Հավատում եմ, որ սրանք արդեն պայմանավորվել են, որ Սիսանի տարածքները տան։ Փաստացի ստացվում է, որ քանի դեռ այս կառավարությունը կա, պետք է Հրազդանն էլ զիջենք, Հանքավանն էլ, Մեղրաձորն էլ։ Կործանարար քաղաքականություն է վարվում, անկեղծ, չեմ էլ պատկերացնում, թե մեր ընդդիմադիրներն ինչի մասին են մտածում, պատրաստվում են ընտրությունների, ի՞նչ ընտրության մասին է խոսքը, ուղղակի չեմ հասկանում»,- նշեց Աշոտ Սևյանը։
Հարցին՝ եթե Խորհրդային Միության քարտեզով է թնամին առաջնորդվում, Հայաստանն Ադրբեջանից պահանջ չունի՞, Աշոտ Սևյանը պատասխանեց, որ, եթե այսօր ասեն՝ եկեք Բաքվում ապրելու, վստահ է, որ որևէ հայ չի գնա։
«Մեր քաղաքացիներն անվտանգության ի՞նչ երաշխիքով կգնան, եթե ես գնամ, որևէ մեկը կարո՞ղ է իմ անվտանգությունն ապահովել, երաշխավորել։ Այսօր մենք իսկի ՀՀ-ում անվտանգ չենք, կարող է առավոտյան արթնանանք, ու պարզվի, որ արդեն Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքացիներ ենք»,- հավելեց նա։
Նա ընդգծեց, որ արդեն երեք օր է՝ կոչ է անում, հայտարարում, հորդորում է, որ իրեն ու իր կամավորական ընկերներին զենք տան, գնան սահմանը պաշտպանելու, եթե Զինված ուժերն ի վիճակի չեն պետական սահմանները պաշտպանելու, իրենք կպաշտպանեն։
«Ես ասել եմ, զենք տվեք՝ գնանք թեկուզ մեր կյանքի գնով փրկենք երկրի այս փոքր կտորը, որը թողել են, որևէ պատասխան չկա, պարզ երևում է, որ մարդիկ որոշել են ու պիտի տան։ Մինչև հիմա մենք սպասողական դիրք ենք ընդունել, նույնը նաև ընդդիմադիրների մոտ է, որևէ շարժ չկա, սուս սպասում են։ Չգիտեմ, գուցե որևէ պայմանավորվածություն կա՝ դրան են սպասում, ես որևէ բան չեմ սպասում թե իշխանությունից, թե ընդդիմությունից»,- շեշտեց ազատամարտիկը։
Նա նաև ընդգծեց, որ Սյունիքի և Գեղարքունիքի մասով բանակցություններից որևէ ակնկալիք չպետք է ունենալ։
«Թշնամին խախտել է մեր պետական սահմանը, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, այդ երբվանի՞ց է ահաբեկիչների հետ քաղաքակիրթ աշխարհը բանակցում ու բանակցությունների միջոցով հարց լուծում։ Պարզ չէ՞, թշնամին հատել է ՀՀ սահմանը, իսկ մեր անողնաշար կառավարությունը փորձում է բանակցել՝ ո՞ւմ հետ, ինչի՞ մասին։ Ես ասում եմ՝ սրանք ի վիճակի չեն այս երկիրը պահելու։ Իշխանության կարգախոսից՝ «Ապագա կա», արդեն հասկանում եմ, որ Հայաստանի քաղաքացին ապագա ունի Ադրբեջանի քաղաքացու կարգավիճակում»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից հետո, անհասկանալի պայմաններում, Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարարության գիտությամբ Սյունիքում հայկական բոլոր շահեկան դիրքերը հանձնվեցին թշնամուն, որի արդյունքում շատ սյունեցիներ կորցրեցին իրենց տները, քանի որ եղան գյուղեր, այդ թվում՝ Շուռնուխի մի հատվածը, որ մնացին թշնամու հսկողության տակ։
Ի դեպ, նշենք, որ նոյեմբերի 9-ին եռակողմ փաստաթղթում հստակ նշված է, որ կողմերը կանգնում են այն տեղերում, որտեղ կանգնած են եղել, սակայն անհասկանալի պայմաններում թշնամին մինչև օրս խորանում է ՀՀ տարածք։