
Իրանի Գերագույն դատարանի նախագահն առաջադրել է թեկնածությունը նախագահական ընտրություններում

Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին գրանցել է թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Resalat պարբերականը:
Քաղաքացիներին իր դիմումի մեջ նա խոստացել է ձևավորել «ժողովրդական կառավարություն՝ հանուն ուժեղ Իրանի», ինչպես նաև պայքարել կոռուպցիայի, աղքատության դեմ, պաշտպանել քաղաքացիների իրավունքները, աշխատել պատժամիջոցների վերացման ուղղությամբ:
Ըստ գործող օրենքի՝ բոլոր թեկնածությունները 5-10 օրվա ընթացքում պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Խորհրդի թույլատրած թեկնածուների անունները կհրապարակվեն մայիսի 26-27-ը:
Իրանի նախագահական ընտրությունները ծրագրված են հունիսի 18-ին: Գործող նախագահ Հասան Ռոուհանին չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ պաշտոնավարում է արդեն երկրորդ ժամկետով: