Բաժիններ՝

Ջրատարը շարունակում է նյութական մեծ վնասներ հասցնել 44-օրյա պատերազմում զոհված հետախույզ Արտուշ Թարոյանի ընտանիքին

35-ամյա ավագ լեյտենանտ, հետախույզ, բազմաթիվ պարգևների արժանացած Արտուշ Թարոյանը, ով զոհվեց արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, 7-8 տարի պայքարում էր, որպեսզի Վայոց Ձորի Վայք քաղաքի ջրատարի հարցը լուծվի, ու այն վնասներ չհասցնի սեփական տներին՝ առաջացնելով փլվածքներ։

Հարակից սեփական տների բնակիչների փոխանցմամբ՝ ջրատարը 1960-ական թվականներին սարքել են հիդրոէլեկտրակայանի համար, սակայն այն նախատեսված է նաև ոռոգման համար: Ջերմուկի խճուղու առաջին նրբանցքի 4 տները, որոնք ավելի մոտ են ջրատարին, այսինքն՝ մաքսիմում հեռավորությունը 5-6 մետր է, անընդհատ վնասներ են կրում, ուստի երկար ժամանակ է՝ առաջարկում են ծածկել ջրատարը կամ գոնե վերանորոգել, սակայն ապարդյուն։

Ջրատարը ջուրը մատակարարում է Վայքի այգիներին, «Ազատեկ» ՀԷԿ-ին: Ամեն տարի ջրատարը նյութական մեծ վնասներ է հասցնում Արտուշ Թարոյանի ընտանիքին: Քանի որ ջուրը լցվում է բակ, տան պատերը խոնավացել ու ճաքեր են տվել: Նրա մեկ տարեկան որդին 2019թ. ընկել էր ջրատարն ու խեղդվել:

Ա.Թարոյանի կինը՝ Վիկտորյա Թադևոսյանը, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ եկել-նայել են, սակայն սայլը տեղից չի շարժվել:

Դեռևս 2020 թվականի հունիսին Վայոց Ձորի մարզպետարանից Արտուշ Թարոյանին պատասխանել էին, որ խնդիրը տեղում ուսումնասիրվել և քննարկվել է հանձնաժողովի կողմից: Պարզվել է, որ Վայք համայնքի միջով անցնող մայր ջրատարը կառուցվել է 1957 թվականին և անցած 63 տարիների ընթացքում չի վերանորոգվել: Ջրատարի բետոնե պատերը և հատակը տարիների ընթացքում քայքայվել են, որ պատճառով տեղի է ունենում ջրի արտահոսք:

Առանձնատան հարևանությամբ անցնող բետոնե ջրատարի 70մ հատվածը վերցված է մետաղյա կաղապարի մեջ, սակայն անձրևների ժամանակ առաջացած հեղեղումներից ջրի քանակն ավելանում է և արտահոսելով մետաղյա կաղապարի կողային պատերից՝ լցվում է բետոնե քայքայված ջրատարը, որի արտահոսքից էլ առանձնատների համար առաջացնում է վթարային իրավիճակ:

Վայքի համայնքապետարանին առաջարկվել է ջրատարի հիմնանորոգումն ընդգրկել առաջիկա իրականացվող որևէ ծրագրում:

Վայքի համայնքապետարանի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանից հետաքրքրվեցինք՝ հարցը ե՞րբ լուծում կստանա, վերջինս պատասխանեց.

«Հարցը դեռևս չի լուծվել, ընդամենը ջրի մակարդակն է մի քիչ իջեցվել, և դա համարում ենք հարցի ժամանակավոր լուծում, մինչև հասկանանք, թե ինչ է կատարվում, ներդրումներ որտեղից ենք գտնում: Նախահաշիվ ենք կազմել, ահավոր մեծ թվեր են»:

Մեր տեղեկություններով, ՀԷԿ-ի ներկայիս տերը կիսախողովակներ է ցանկանում տեղադրել այնտեղ, իսկ բնակիչները չգիտեն՝ հնարավո՞ր է այդ դեպքում հարցը լուծել, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս