«Այս հարցում Իսրայելը և Թուրքիան բավականին սերտաճած քաղաքականություն են վարում». Քաղաքագետը՝ պաղեստինաիսրայելական լարվածության մասին

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Մերձավոր Արևելքում պաղեստինաիսրայելական հերթական սրացումն է, այդ խնդիրը միշտ լինելու է և ուղեկցելու է հանրությանը։

«Այս հարցում Իսրայելը և Թուրքիան բավականին սերտաճած քաղաքականություն են վարում։ Իսրայելցիները բավականին մեթոդաբար նվաճում են իրենց տարածքները, ավելին՝ նրանք խելամիտ են, բացի իրենց տարածքներից, որոնք ձեռք են բերում, մեծ տարածքներ են ձեռք բերում աշխարհի տարբեր վայրերում, քանի որ կա հավանականություն Իրանի հետ միջուկային պատերազմի։ Որոշ տվյալներով՝ Իրանը բավականաչափ տիրապետում է միջուկային զինուժին, ինչ-որ չափով, սա դեռ ՌԴ գլխավոր շտաբի պետն է ժամանակին ասել։ Իսրայելը վարում է իր քաղաքականությունը, որն աշխարհասփյուռ քաղաքականություն է, և ամեն տեղ իրենց շահերն են հետապնդում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով պաղեստինաիսրայելական իրավիճակի սրացմանը՝ նշեց Գագիկ Հարությունյանը։

Ըստ Գագիկ Հարությունյանի, եթե չնչին հավանականությամբ միջուկային պատերազմ լինի Իրանի և Իսրայելի միջև, պետք է Հայաստանը հաշվի առնի, որ իրանական միջուկային օբյեկտները գտնվում են երկրի հյուսիսում,  այսինքն՝ ՀՀ սահմաններին մոտ։

«Եթե նման բան տեղի ունենա, դա, անշուշտ, ազդելու է նաև Հայաստանի վրա, սա պետք է հաշվի առնել։

Այս գործընթացներում Միացյալ Նահանգների նախագահը բավականին  հետաքրքիր դեր է կատարում, որովհետև նրան անգամ մեղադրում են, որ, եթե նախկինում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միանշանակ աջակցում էր Իսրայելին, ապա այսօր նման բան չեն տեսնում։ Սա նույն քաղաքականությունն է, ինչը Բայդենը վարում է Թուրքիայի նկատմամբ։ Նա ապրիլի 24-ին օգտագործեց Ցեղասպանություն եզրույթը, սակայն շարունակում է օգնել Թուրքիայի կողմից տարվող քաղաքականությանը, որն ուղղված է դեպի Ռուսաստանին ու Չինաստանին»,- հավելեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Իրանի հետ հարաբերությունները միակողմանի փչացել են հայկական կողմից։

Քաղաքագետը նաև անդրադարձավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երևան և Բաքու կատարած այցերին և այդ ընթացքում նրա հնչեցրած հայտարարություններին, ընդգծելով, որ հայկական կողմը սպասում է, որ ռուսական կողմն ամեն ինչ անելու է, փոխարենը՝ ինքը ոչինչ չի անում։

«Սակայն, երբ ռուսական կողմը մի բան ասում է, և դա մեզ դուր չի գալիս, մենք ամեն ձևով դա արտահայտում ենք։ Այո, շատ բան կարող է մեր դուրը չգալ, հատկապես, եթե խոսքը վերաբերում է կոմունիկացիաներին։ Ռուսաստանը նույնպես պետություն է և ունի իր շահերը, և նա պարտավոր չէ հակառուսական իշխանություն ունեցող Հայաստանին բոլոր հարցերում օգնել»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս