
Սիրիայում նախագահական ընտրություններին կմասնակցի երեք թեկնածու

Սիրիայում մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Սահմանադրական դատարանը հայտնել է նախընտրական քարոզարշավի ժամկետների մասին: Նախագահի գրանցված 3 թեկնածուները, որոնց շարքում է նաև գործող նախագահ Բաշար Ասադը, նախընտրական քարոզարշավ կարող են իրականացնել մայիսի 16-24-ը, մայիսի 25-ը կլինի լռության օր:
Սիրիայում նախագահի վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2014 թվականին, դրանց մասնակցել էր բնակչության 73.5 տոկոսը: Նախագահ էր ընտրվել Բաշար Ասադը՝ 88.7 տոկոս ձայներով:
Այս ընտրություններում նրա դեմ կմրցեն նախկին պետնախարար և պատգամավոր Աբդալլա Սալյում Աբդալան և Սիրիական դեմոկրատական ճակատը ներկայացնող Մահմուդ Ահմեդ Մուրաին:
Սիրիայում 2012 թվականին ընդունված սահմանադրության համաձայն՝ նույն անձը նախագահ կարող է ընտրվել երկու անգամ՝ յոթ տարի ժամկետով: