Ադրբեջանի գլխավոր դատախազը` հայ գերիների մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում կռված հայ ահաբեկիչների և վարձկանների դեմ հատուկ քրեական գործեր կան» և հավելել, որ վերոնշյալ անձանց նկատմամբ համապատասխան քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել, հայտնում է minval.az լրատվականը։

Նա ասել է․ «Նրանցից մեկի՝ Լիբանանի քաղաքացու նկատմամբ քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան: Քրեական գործին համապարփակ և օբյեկտիվ մոտեցման համար տվյալ անձի նկատմամբ կիրականցվի միջազգային կոնվենցիաներին համապատասխան քննություն: Այլ ահաբեկիչների դեմ քրեական գործը նույնպես ավարտական փուլում է: Այս կապակցությամբ հանրությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մայիսի 4-ին 3 հայ գերիներ Բաքվից վերադարձվել են Երևան:

Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»:

Նշենք՝ գերիների վերադարձի մասին ավելի վաղ հայտարարել էին ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում էր, որ նրանք գերեվարվել են պատերազմի ավարտից հետո։

 

 

Տեսանյութեր

Լրահոս