«Արդյունք տվող երկու մարմնի ղեկավարներից մեկը՝ Սերժ Սարգսյանի, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ է. սա է Փաշինյանի կադրային քաղաքականությունը». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ սովորական բան է, երբ այն ուժերը, որոնք հայտ են ներկայացնում մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտարարում են, որ իշխանությունը վերցնելու են:

Ըստ նրա, այստեղ ամենակարևորն այն է, թե ինչ են առաջարկում ժողովրդին, ի վերջո, երեք տարի առաջ, երբ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, այն չեղավ Սերժ Սարգսյանի դեմ, այլ համակարգի դեմ էր:

«Համակարգն է մերժվել՝ իր բոլոր դերակատարներով: Նախկին իշխանություններին պատկանող թիվիները, շուրջ մեկ տարի է, քաղաքական հաղորդումներին եթերի չեն հրավիրում, այսինքն՝ դեռ իշխանության չեկած, ինձ չեն հրավիրում, բա որ գան իշխանության՝ ինչ են անելու: Ես 17-ի լիդերներին ասել եմ, որ եթերը մեզ համար փակել են ու ուզում են մեզ հետ համագործակցել, այդպես չի լինում»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա, Հայաստանը 30  տարվա երկիր է, 27 տարին ղեկավարել են նախկինները, 3 տարին՝ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ կառավարման հետ կապված խնդիրներ ունի, ինքը չի կարողանում կառավարել: Պատկերացրեք, Նիկոլ Փաշինյանը եղել է հեղափոխության առաջնորդը, հեղափոխությունը պետք է կապիտալիզացվի, չէ՞, արդյունքներ պետք է տրվի, հիմա արդյունք տվող երկու մարմնի ղեկավար՝ ԱԱԾ նախկին տնօրենը և նախկին ոստիկանապետը, մեկը՝ Սերժ Սարգսյանի, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ է: Սա է եղել Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս