Շատ անսպասելի ստացել եմ բանավոր առաջարկ՝ դիմում գրել կամ կհեռացվեմ աշխատանքից․ Տիգրան Վահրամյան

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժ/պ Տիգրան Վահրամյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ անսպասելի կերպով իրեն առաջարկել են ազատման դիմում գրել:

Ստորեւ ներկայացնում ենք նրա հայտարարությունը.

«2018թ․ վերջից նշանակվել եմ ԿՖԲԳՀԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (Ֆիզիոթերապիայի ինստիտուտ` Օրբելի փողոց)։ Իմ ղեկավարությամբ 2.5 տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոխումներ, որը կարող են փաստել և՛ աշխատակիցները, և՛ հիվանդները։ Վերադաս ղեկավարության կողմից չեմ ստացել ոչ մի դիտողություն իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Բուժհիմնարկը 20 տարուց ավել գտնվում է սեփականաշնորհման գործընթացում։

Ս․թ․ ապրիլի 28-ին` շատ անսպասելի, ստացել եմ բանավոր առաջարկ գրել դիմում զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ կամ կհեռացվեմ աշխատանքից, որպես վատ կառավարիչ վերադասի հրամանով՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանից։ Պատճառի մասին զարմացած հարցիս հնչել է պատասխան, որ պարտավոր չէ տեղյակ պահել ինձ որոշման դրդապատճառների մասին։

Խնդրել եմ՝ որոշակի ժամանակ առողջապահության ոլորտի և այլ պատասխանատու պաշտոնյաներից որոշակի պարզաբանումներ ստանալու համար։ Սակայն մինչ օրս ոչ մի պարզաբանում իմ ազատման և կազմակերպության հետագայի վերաբերյալ չեմ ստացել, այլ փոխարենը պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանի հրամանով մայիսի 3-ից ազատվել եմ տնօրենի պաշտոնից՝ առանց նախնական գրավոր տեղեկացման և պատճառաբանության։

Գիտակցելով բուժհիմնարկի դերը առողջապահական համակարգում՝ հատկապես պատերազմի հետևանքով վիրավորումներ ստացած զինծառայողների վերականգնողական տևական բուժման անհրաժեշտությունը, դիմել եմ և դիմելու եմ օրինականության վերականգնելու և իրականությունը պարզելու համար բոլոր հնարավոր օրինական քայլերին։ Ակնկալում եմ բուժհիմնարկի ճակատագրով հետաքրքրվածների աջակցությունը բուժհիմնարկի հետագայի և հնարավոր անդառնալի հետևանքները կանխելու համար։

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ ՓԲԸ տնօրենի ժ/պ Տիգրան Վահրամյան»:

Տեսանյութեր

Լրահոս