Լավրովի այցի ստվերված, բայց առանցքային կողմը

Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակում մի կարևոր հուշագիր ստորագրվեց, որը մնաց Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան իրողությունների ստվերում։ Հայաստանում մայիսի 6-ին գտնվող ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Նա նշել էր, որ դրա իրականացումը թույլ կտա շոշափելի արդյունքի հասնել այդ զգայուն ու ակտուալ ոլորտում հետագա համագործակցության մեջ, ինչպես նաև ամրապնդել կենսաբանական անվտանգության ընդհանուր միջավայրը։

Խոսքը 2018 թվականից քննարկվող և ռուսական մեդիատիրույթում մեծ աղմուկ բարձրացրած հուշագրի մասին է, որը հայտնի է՝ որպես Հայաստանում ամերիկյան հովանավորչությամբ գործող բիոլաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքը նախատեսող փաստաթուղթ, թեև պաշտոնական շրջանակները պնդում են, որ որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորում չի նախատեսվում։

Այնուամենայնիվ, սա լրջագույն քաղաքական հարց էր ՌԴ-ի համար, որը մտահոգված էր իր սահմանների մոտ ռազմական կենսաբանական ակտիվությամբ և այն հանգամանքով, որ այն հովանավորվում ու համակարգվում է ամերիկացիների կողմից, թեև հայկական կողմն այդ մտահոգությունները մեկ անգամ չէ, որ փորձել է փարատել հայտարարություններով և համաձայնել նաև այս հուշագրին։ Սա վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունների խնդրահարույց թեմաներից մեկն էր, որը, փաստորեն, ռուսական կողմը կարողացավ չեզոքացնել պատերազմից հետո այս փուլում։

Ուշագրավն այն հանգամանքն է, որ հետպատերազմյան փուլում ևս հայ-ռուսական հարաբերությունները, թեև Հայաստանը ստորագրել է փաստաթուղթ Ռուսաստանի հովանու ներքո, աննախադեպ զիջումներ անելով ադրբեջանական կողմին և ռուսական խաղաղապահ կոնտինգենտ կանգնեցնելով Արցախում,  արդյունավետ ու կառուցողական լինելուց չափազանց հեռու են, և Հայաստանը շարունակում է զիջել իբրև թե «անկախ» գործունեության վերջին մնացուկները, որոնցից մեկը կենսաբանական անվտանգության ոլորտում ՀՀ գործունեությունն էր։ Այստեղ հարցն արդեն նույնիսկ զիջման առարկայի որակը, նշանակությունը չէ, այլ գործընթացը, որում ՀՀ դիվանագիտությունը հայտնվել է լիակատար անկարող վիճակում՝ չկարողանալով իր դաշնակցին բացատրել նույնիսկ իր ամենատարրական շահերը, որոնցից մեկն Արցախի կարգավիճակի հարցն է, որի քննարկումը Ռուսաստանը մերժում և աննպատակահարմար է համարում։ Միակ հարցը, որում հայկական դիվանագիտությունը կարողացել է խնդիր լուծել այս փուլում, դա Ադրբեջանի ԵԱՏՄ «մուտքը» ցանկացած տեսքով արգելափակելն է։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Ռուսաստանի համար նախ կենսաբանական անվտանգության հարցն է շատ կարևոր, ինչպես նաև այն, որ դրա ֆինանսավորումն իրականացվում է Միացյալ Նահանգների կողմից, և դա՝ ՀԱՊԿ տարածքում։ Այս հանգամանքներով էր, նրա որակմամբ, պայմանավորված Մոսկվայի զգայունությունն այս հարցի վերաբերյալ։ Ըստ ռազմագետի՝ այն, որ հուշագրի ստորագրումն այսքան երկարաձգվեց, տարբեր կերպ էր մեկնաբանվում՝ հիմնականում ասվում էր, որ համավարակն է երկարաձգում ներքին ընթացակարգերը։

«Սակայն ռուսական արձագանքներից հասկանալի էր, որ խնդիրը Հայաստանում է, քանի որ նշվում էր, որ բոլոր համաձայնեցումներն արված են, հույս էին հայտնում, որ այլ խնդիրներ չեն ծագի, ինչը նշանակում էր, որ ռուսական կողմը սպասման մեջ է, և դա ձգվեց 2 տարուց ավելի։ Սա կարևոր էր Ռուսաստանի համար նրանով, որ Ռուսաստանը հասանելիություն կստանա, վստահություն այն ամենում, ինչ կատարվում է, հատկապես, երբ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում վստահության մակարդակը 0 է, ԱՄՆ ներկայիս վարչակարգն էլ ակտիվացնելու է իր քաղաքականությունը Հայաստանի ուղղությամբ։ Ընդհանրապես, եթե շատ ավելի լայն դիտարկենք, ապա տարածաշրջանն է փոխվում, ավելանում են անվտանգային սպառնալիքները, որոնք միայն ռազմական տեսք չունեն։ Սա կարելի է ռուսական դիվանագիտության համար հաջողություն համարել, եթե այդ հուշագիրը տալիս է գոնե հասանելիության հնարավորություն, որպեսզի լաբորատորիաների պրոցեսները լինեն թափանցիկ ռուսական կողմի համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս