Արմեն Գրիգորյանը Փաշինյանին է՞լ է հերքելու

Նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է՝ չեն կատարի ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պահանջը՝ հրապարակել սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը, և դրանից հետո՝ նաև իր ելույթն ամբողջությամբ:

Արմեն Գրիգորյանն իրենց մերժումը բացատրել է Հայաստանի և Արցախի հետ կապված անվտանգային հարցերի առկայությամբ, և զարմացել, որ ԳՇ նախկին պետը նման պահանջ է ներկայացրել:

Այնուհետև Գրիգորյանը կրկնել է նախկինում ասածները, թե Օնիկ Գասպարյանն ասել է՝ Ջաբրայիլի ուղղությամբ որոշակի հաջողություններ ունենք, թշնամին էլ չունի որևէ առաջընթաց, այսինքն՝ դիրք չենք զիջել:

Ավելի վաղ գեներալ Օնիկ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում հարցին՝ արդյո՞ք Ձեր պահանջը կկատարվի, պատասխանել էր.

«Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:

Այն, որ ՀՀ գործող իշխանություններն են խոսում Հայաստանի և Արցախի անվտանգությանը չվնասելու մասին, այդ թվում՝ տեղեկությունների հրապարակմամբ, ծիծաղելի է, քանի որ նրանց կողմից նմանատիպ բազմաթիվ «վնասումներ» են եղել: Եվ այս դեպքում էլ հենց իշխանություններն են՝ ի դեմս ԱԽ-ի և Նիկոլ Փաշինյանի, գնացել նախադեպային քայլի և գաղտնազերծել ԱԽ նիստի հետ կապված փաստաթղթեր, և, բնավ կապ չունի՝ ինչ չափով:

Այլ հարց է, որ դրանք այդպես էլ չապացուցեցին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հակապնդումները և Նիկոլ Փաշինյանի ուշացած հայտարարությունը, թե պատերազմի 4-րդ օրը մարտական գործողությունները դադարեցնելու առաջարկ Օնիկ Գասպարյանի կողմից չի եղել:

Նշենք, որ նախքան ԱԺ ամբիոնից արված համապատասխան հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ հարցադրումներին ի պատասխան՝ չէր հերքել ԳՇ նախկին պետի ասածը: Ավելին, կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո՝ նոյեմբերի 10-ին, հերթական ուղիղ միացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է՝ բանակը շարունակաբար պնդել է պատերազմը դադարեցնելու քայլի գնալու անհրաժեշտությունը:

«Այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ, ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը… Երբ բանակն ասում է, որ պետք է կանգնեմ, որովհետև ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը չի երևում, կամ այդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կամ այդ խնդիրների գոյության արդյունքում, մենք ունենք որոշակի պրոբլեմներ…»:

Այստեղ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ասում է այն, ինչի մասին օրեր հետո՝ նոյեմբերի 17-ի իր ուղերձում խոսել է ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:

«Պատերազմի չորրորդ օրը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Հավելենք, որ գեներալն իր նոյեմբերյան ուղերձում տեղեկացրել էր, որ պատերազմը դադարեցնելու, եղած իրադրության և ռեսուրսների վերաբերյալ ԱԽ նիստում հնչեցրած գնահատականներ բազմաթիվ անգամ ներկայացրել է նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում:

Այնպես որ, Օնիկ Գասպարյանի խոսքերի մեջ հակասություն փնտրող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, ԱԽ նիստերի հետ կապված գաղտնազերծումների որոշում կայացրած Նիկոլ Փաշինյանին չէր խանգարի վերընթերցել իրենց իսկ ավելի վաղ արված հայտարությունները:

Տեսանյութեր

Լրահոս