Բաժիններ՝

Տնտեսությունում ճգնաժամային իրավիճակը շարունակվում է, ունենք բավական խորքային խնդիրներ․ Կարեն Ղազարյան

Ընդհանուր առմամբ 2020թ․-ը համաշխարհային տնտեսության համար անկումային տարի էր։ ՀՀ-ում անկումն ավելի խորն էր և մասշտաբային, քանի որ բացի համաճարակային իրավիճակից, ունեցանք ավելի լուրջ հարված՝ պատերազմը։

Վերջին շրջանում գրեթե յուրաքանչյուր հայ, ով անտարբեր չէ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության, պետականության հնարավոր կորստի սպառնալիքի, ինչպես նաև երկրի վտանգված ապագայի նկատմամբ, փորձում է բարձրաձայնել և գիտակից հանրությանը լսելի դարձնել երկրի առջև ծառացած խնդիրները՝ այդ նպատակի համար օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները:

Գերիների հարցը, Արցախի և Սյունիքի վտանգված լինելու փաստերը, որոնք բազմիցս բարձրաձայնվել են համապատասխաան ոլորտների մասնագետների և լիազոր ներկայացուցիչների կողմից և հանրությանը հասանելի են դարձել ԶԼՄ-ների միջոցով, այս պահին, անշուշտ, առաջնային են, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև ապագա սոցիալ-տնտեսական խնդիրների առաջացման վտանգները, որոնք մոտ ապագայում հանգեցնելու են ՀՀ քաղաքացիների եկամուտների և կենսամակարդակի նվազմանը, հետևաբար՝ արտագաղթի ու աղքատության շեմի ցուցանիշների բարձրացմանը, ՀՀ զինված ուժերի, գիտության և կրթության ոլորտների թերֆինանսավորմանը և, ի վերջո, ՀՀ պետականության կորստի վտանգին:

Ակնհայտ է, որ ՀՀ-ում սպասվում է սոցիալ-տնտեսական կոլապս և փրկության միակ ճանապարհը՝ պետականության պահպանման և զարգացման գործին ուղղված մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվելն է։

Ներկայացնեմ որոշ վիճակագրական տվյալներ, որոնցից յուրաքանչյուրը մանրամասն քննարկման և վերլուծության առարկա է, և որոնք կհակադրվեն այն վարկածին, թե իբր «պատերազմն ավարտվել է», պարտվեցինք, սակայն «այսուհետ լավ ենք ապրելու»։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում ճգնաժամային իրավիճակը դեռևս շարունակվում է։

Ըստ ՀՀ 2020թ․-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության, ՀՆԱ-ն կրճատվել է մոտ 8%-ով, բյուջեի եկամուտները կազմել են 1․56 տրիլիոն դրամ (պլանային ցուցանիշի համեմատ 7․9%-ով քիչ), ծախսերը` 1․89 տրիլիոն դրամ, (2․1%-ով ավել պլանային ցուցանիշի համեմատ): Բյուջեի պակասուրդն ավելացել է՝ 2020թ․-ին հասնելով ՀՆԱ-ի մոտ 5.5%-ին։
ՀՀ պետական պարտքը վերջին 2 տարիների ընթացքում ավելացել է 1.2 մլրդ դոլարով՝ գերազանցելով առավելագույն 8 մլրդ դոլարի (ընդունված 60%-ի) շեմը հասնելով 63․5%-ի: Տնտեսության խթանմանը միտված հետագա պարտք ներգրավելու հնարավորությունները խիստ սահմանափակ են, մինչդեռ 2019թ.-ի վերջին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր 50%-ից ցածր, ինչը թույլ տվեց 2020թ․-ին նոր պարտք ներգրավել:

Ապրանքների արտահանումը 2020թ․-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 2,711․6 մլն․ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 15․5%-ով։
2018թ-ից սկսած մինչ օրս նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ), որոնք խիստ կարևոր տնտեսական խթան պետք է հանդիսանային տնտեսության զարգացման համար, իսկ համավարակով և պատերազմում կրած պարտությամբ պայմանավորված՝ հասել են զրոյական մակարդակի:

Ունենք բացասական առևտրային բալանս, արտարժույթով միջազգային վարկերի սպասարկման պարտավորություններ, դրամի փոխարժեքի զսպման դոլարային ինտերվենցիաներ Կենտրոնական բանկի պահուստների հաշվին: Դրամն արժեզրկվում է, տարեկան գնաճն՝ արագանում։ 2021թ․-ի մարտին գնաճը կազմել է մոտ 5.8%:
ՀՀ պետական պարտքը կազմել է 8,723.4 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 18.7%-ով: Փոխարժեքի արժեզրկման հետևանքով, դրամով արտահայտված պետական պարտքն աճել է մոտ 30%-ով:

Դեռ ամբողջությամբ գնահատված չեն պատերազմի մասնակից վիրավորների և փախստականների սոցիալ -տնտեսական հետևանքները բյուջեի վրա:

Տարբեր գնահատականներով 2021թ. ՀՀ-ից ակնկալվում է զգալի արտագաղթ, այսինքն՝ սպասվում է դեմոգրաֆիկ բացասական տենդենց՝ սպառման ծավալների նվազմամբ:
Հանրագումարի բերելով պատերազմում կրած պարտության հետևանքները՝ մարդկային ուժի, ենթակառուցվածքների կորուստը՝ ակնհայտ է դառնում, որ տեսականորեն 2-3 տարի անընդմեջ տնտեսական աճ ապահովելու պարագայում միայն ՀՀ քաղաքացիները կունենան 2019թ․-ի կենսամակարդակը: Հետևաբար, 2018թ. հայ ժողովրդին խոստացված «տնտեսական հրաշքը» կամ ֆիկցիա էր, կամ «հեղափոխական ստախոսություն» կամ էլ ծրագրերի ոչ կոմպետենտ իրականացման հետևանք:
ՀՀ տնտեսությանը զգալի հարված հասցրեց նաև Արցախյան պատերազմը։ Ստորագրված փաստաթուղթը փաստում է հայկական կողմի պարտությունը պատերազմում, Արցախը կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող շուրջ 7,000 քկմ տարածք։ Եթե դասակարգենք կորուստները, կարող ենք առանձնացնել հետևյալ կետերը․

Մարդկային կյանքերի կորուստ: Մարդիկ, ովքեր իրենց ստեղծարար աշխատանքով ապահովելու էին տնտեսական արդյունք,
Ենթակառուցվածքների, ունեցվածքի, զինտեխնիկայի կորուստներ․ (միայն զինտեխնիկայի գծով մոտ 1.5-2 մլրդ դոլարի կորուստ),
Տարածքների կորուստ՝ ներառյալ էներգետիկ, պարենի ապահովման ուղղություններով։
Պատերազմն աղետալի հետևանքներ թողեց Արցախի տնտեսության, մասնավորապես՝ գյուղատնտեսության վրա: Արցախում նախքան ռազմական գործողություններն առկա ավելի քան 130,000 հա վարելահողերի շուրջ 75%-ը մնացել է հակառակորդի վերահսկողության տակ:

Կորցրել ենք՝

պտղատու այգիների,
ոռոգման ջրի պաշարների զգալի մասը, նախնական տվյալներով, մոտ 20%-ը:
Մինչև պատերազմն Արցախում առկա 7,000 հա բազմամյա տնկարկներից մնացել են շուրջ 2,500 հա այգիներ:
Պատերազմի հետևանքով Արցախում առկա անասնագլխաքանակը կրճատվել է ավելի քան 50%-ով:

Կազմելով՝

խոշոր եղջերավոր անասուններ՝ 18,500 գլուխ նախկին 49,600-ի փոխարեն,
մանր եղջերավոր անասուններ՝ 25,500 գլուխ նախկին 64,000-ի փոխարեն,
խոզ՝ 11,500 գլուխ նախկին 30,000-ի փոխարեն,
թռչուններ՝ 114,500 թև 500,000-ի փոխարեն։
Այսպիսով, ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, ՀՀ տնտեսությունը դեռևս գտնվում է անկման փուլում։ Ունենք բավական խորքային խնդիրներ, որոնք հաղթահարելու համար պահանջվելու են լուրջ ջանքեր։

Ազգային զարգացման տեսլականի վրա հիմնված առնվազն 5, 10 և 25 տարվա ՀՀ-ի ռազմավարական տնտեսական զարգացման հայեցակարգ․

Բավական է ապրել «այսօրվա» մոտեցմամբ՝ կայացնելով ու կիրառելով ոչ օպտիմալ «սիտուացիոն» որոշումներ: Անհրաժեշտ է ունենալ առնվազն 5, 10 և 25 տարվա ռազմավարական տնտեսական զարգացման հայեցակարգ՝ հիմնված ազգային շահերի և գաղափարախոսության վրա, ամրապնդված երկարաժամկետ ներդրումային ծրագրերով, այլապես միջնաժամկետ և երկարաժամկետ հորիզոնում թե՛ գիտական, և թե՛ տնտեսական զարգացման առումով հետընթաց կգրանցվի նույնիսկ երրորդ կարգի երկրների համեմատ։

Դրանց իրագործման համար անհրաժեշտ է ներքին կայունություն և Սփյուռքի ռեսուրսի առավելագույն մասնակցություն զարգացման գործընթացներին՝ ներգրավել տարբեր ոլորտների փորձառու և կոմպետենտ մասնագետների, ինչը, ցավոք, գործող իշխանությունը ձախողեց:

Այս օրհասական պահին, երբ մենք կանգնել ենք պետականության կորստի սպառնացող վտանգի առջև, անհրաժեշտ է վայր դնել անձնական ու քաղաքական շահերը և համախմբվել պետականության պահպանման և զարգացման գործին ուղղված մեկ ընդհանուր ազգային գաղափարի շուրջ։

Կարեն Ղազարյան

Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, մագիստրոսի որակավորում է ստացել Նյու Յորքի Սիրաքուզի համալսարանի Մաքսվելի դպրոցում: Վերապատրաստվել է Հարվարդի բիզնես դպրոցում։ Դանիայում, Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում ճանաչված է ընկերությունների ձեռքբերման իր հաջողակ գործարքներով, իսկ Հայաստանում՝ որպես արդյունաբերության ոլորտ խոշորագույն ներդրումներ ներգրաված հակաճգնաժամային կառավարիչ: 2019թ․-ից սկսած ներդրումներ է իրականացնում ՀՀ էներգետիկայի և միջազգային ֆինանսական ոլորտներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս