Բաժիններ՝

Վերջին զանգի համար դպրոցները գումար են հավաքում․ ինչո՞ւ նախարարությունը չի կարողանում պատժել մեղավորներին

Համացանցում օգտատերերից Վ․Ղուկասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ տեղեկություն ունի այն մասին, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցից Վերջին զանգի կամ դասի միջոցառումների համար գումար են հավաքում։

Օրինակ՝ դասղեկի համար հավաքում են 2000 դրամ, 3000 դրամ՝ փոխտնօրենի և ուսուցչի համար ծաղիկներ գնելու համար, տնօրենի համար՝ 10,000 դրամ, փուչիկների համար՝ 1000 դրամ, տորթի համար՝ 1300 դրամ, նկարչի համար՝ 15․000 դրամ, դիջեյի համար՝ 1200 դրամ, իսկ ռեստորանում մեկ անձը վճարելու է 11․000-12․000 դրամ։ Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր աշակերտ հավաքելու է 45․000-50․000դրամ։ Ամբողջ դասարանը՝ մոտ 1 միլիոն 550․000 դրամ։

Խնդրի հետ կապված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ ստանում են բողոքներ, բայց դրանք անանուն են լինում։ Մի քանի բողոք եղել է, բայց անանուն․ հետքերով գնացել են ու չեն կարողացել պարզել, ուստի պետք է անուններով լինի, որ կարողանան ավելի արագ հասնել խնդրի բացահայտմանը։

Տեղեկացրեցին նաև, որ ԿԳՄՍ ենթակայության ներքո ավագ դպրոցներն են, իսկ հիմնական դպրոցները Երևանի պարագայում քաղաքապետարանի ենթակայության ներքո են։

Սակայն ԿԳՄՍ լրատվական վարչությունից ևս մեկ անգամ հիշեցրին՝ արդեն քանի տարի է՝ ասվում է, որ արգելվում է գումար հավաքել, չի կարելի, և նույն բանն ամեն անգամ չեն կրկնելու։ Եվ, եթե այլ շրջաբերականով դրա մասին չեն տեղեկացրել, ուրեմն այդ «չի կարելին» մնում է ուժի մեջ։

Երևանի քաղաքապետարանից էլ պատասխանեցին, որ հարցով կզբաղվեն։

Պարզաբանում ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանի հետ, սակայն երկու օր է՝ նրա հետ խոսել չի ստացվում․ երեկ ժողովի էր, այսօր՝ դասալսման։ Ինչպես երեկ, այնպես էլ այսօր գործավարը խոստացավ, որ կզանգահարեն, բայց այդպես էլ մեզ հետ կապ չհաստատեցին։ Ամեն դեպքում սպասում ենք նաև դպրոցի տնօրենի պատասխանին։

Հավելենք, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. օգոստոսի 31-ի N 25-Ն հրամանով հաստատված՝ Հավելված 1-ի՝ «Հաստատության ուսումնական պլանների մասին ընդհանրական պարզաբանումներ» գլխի 4-րդ կետով սահմանված դրույթների՝ ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021 թ.՝

5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար,
հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար,

6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,
հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար,
հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար՝ ապահովելով առնվազն՝

30 ուսումնական շաբաթ՝ 1-ին,
32 ուսումնական շաբաթ՝ 2-րդ,
34 ուսումնական շաբաթ՝ 3-12-րդ դասարանների համար։

Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս