Բաժիններ՝

Հին «ընկերների» հանդիպումը, կամ՝ ի՞նչ կանի Ժոզեն «Ռոմայում»

Ֆուտբոլային շաբաթվա գլխավոր ռուբը՝ hունիսին Ժոզե Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»: Պայմանագիրը կնքվել է 3 տարի ժամկետով: Ժոզեն կզբաղեցնի իր հայրենակից Պաուլո Ֆոնսեկայի տեղը, ում հեռանալու մասին հայտարարվեց Մոուրինյոյի մասին հայտարարությունից մի քանի ժամ առաջ:

Ինքը՝ Ժոզեն, աշխատանքից հեռացվել էր երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 19-ին։ Պորտուգալացին հեռացվեց «Տոտենհեմից» վատ արդյունքների և Սուպերլիգայի հետ կապված դժվարությունների պատճառով: Դրանից հետո մարզիչն ասաց, որ արձակուրդ է ունենալու, և մտածված կմոտենա նոր ակումբի ընտրությանը:

«Ես ծրագրեր չունեմ: Ես ապրում եմ սովորական կյանք, ինձ թարմ եմ զգում, հանգիստ: Ես արձակուրդում եմ։ Հիմա ավելի շատ ժամանակ ունեմ սխալների վրա աշխատելու, ամեն ինչ վերլուծելու համար:

Ես կսպասեմ ֆուտբոլ վերադառնալուց առաջ: Ես կսպասեմ ոչ միայն հարմար ակումբի, այլև համապատասխան մշակույթի: Գուցե հաջորդ մրցաշրջան վերադառնալը վաղաժամ լինի: Կտեսնենք»,- ասել է նա անցյալ շաբաթ:

Բայց ամեն ինչ շատ արագ փոխվեց։

«Ակումբի սեփականատեր և գործադիր տնօրեն Տիագո Պինտոյի հետ հանդիպելուց հետո ես անմիջապես հասկացա «Ռոմայի» հավակնությունների ամբողջականությունը: Սրանք նույն հավակնություններն ու ձգտումներն են, որոնք ինձ միշտ դրդել են, և միասին մենք ցանկանում ենք հաջող նախագիծ կառուցել առաջիկա տարիներին»:

Հայտնի ինսայդեր Ֆաբրիսի Ռոմանոն հայտնում է, որ Ժոզեի և հռոմեական ակումբի բանակցությունները շատ գաղտնի են անցել։ Տեղի չի ունեցել ոչ մի արտահոսք: Հունվարին «Ռոման» կապվել է Մաուրիցիո Սարիի հետ, բայց դրանից հետո գործը չի շարունակվել: Մոուրինյոյի թեկնածությունն անձամբ հաստատել է գործադիր տնօրեն Տիագո Պինտոն, որը նշանակվեց նոյեմբերին: Գլխավոր տնօրենը նույնպես պորտուգալացի է՝ նա նախկինում չափազանց հաջող էր աշխատում «Բենֆիկայում»:

Մոուրինյոյի թեկնածությունը Հռոմում քննարկվում էր դեռ 2019 թվականին, բայց այդ ժամանակ հնարավոր չէր համաձայնության գալ: Ըստ Sky Sports-ի, Ժոզեն այժմ տարեկան 7 միլիոն եվրո կստանա՝ հետ մնալով միայն Կոնտեից (12 միլիոն):

«Ռոման» ձախողում է մրցաշրջանը, պայքարում է 7-րդ տեղի համար, իսկ մարզիչը մրցաշրջանի կեսին սկզբունքային վեճ է ունենում ավագի հետ

Ժոզեն գնում է ոչ ամենահաջողակ ակումբ՝ «Ռոման» սերիա A-ի 7-րդ հորիզոնականում է, վերջերս կորցրեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի առաջին կիսաեզրափակչում (պարտություն «Մանչեսթեր Յունայթեդից»՝ 2:6 հաշվով): Ավելի բարձր դիրք գրավելու  շանսեր գործնականում չկան՝ միավորների բացը շատ է, իսկ առջևում դեռ կան «Ինտերի» և «Լացիոյի» հետ հանդիպումներ:

Մնում է պայքարել «Սասուոլոյի» հետ յոթերորդ տեղի համար։ Շնորհիվ այն բանի, որ «Ատալանտան» և «Յուվենթուսը», որոնք նվաճել են եվրագավաթների ուղեգիր, խաղում են Իտալիայի գավաթի եզրափակչում, Ա Սերիայի յոթերորդ տեղը դուրս կգա Եվրոպա լիգա: Իհարկե, սեփականատերերն ավելի լավ արդյունքներ էին ակնկալում:

Բացի այդ, թիմում մթնոլորտն անհանգիստ է: Ամենաքննարկվող կոնֆլիկտը տեղի  ունեցավ մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի և վերջին մրցաշրջանների լավագույն ռմբարկու և ավագ Էդին Ջեկոյի միջև: Առաջատար ֆուտբոլիստները կանգնեցին ավագի կողքին։ Ֆոնսեկան ցանկանում էր վաճառել հարձակվողին հունվարին, բայց չկարողացավ։ Արդյունքում՝ Ֆոնսեկան հեռանում է գարնանը:

Իսկ «Ռոմայի» սեփականատերերը՝ Ֆրիդկինի ընտանիքը, արդյունքներ են ակնկալում Մոուրինյոյից և նրան անվանում են «անհավատալի չեմպիոն, ով բոլոր մակարդակներում գավաթներ է նվաճել»: Եվ պորտուգալացիներն արդեն բերում են առաջին արդյունքները (այո, նույնիսկ մինչ պաշտոնը ստանձնելը)՝ «Ռոմայի» բաժնետոմսերն այսօր արժեքով թանկացել են 20%-ով:

«Ռոմայում» շատ հին ծանոթներ կան ՝ Մխիթարյանը, Սմոլինգը և նույնիսկ Սանտոնը

Մոուրինյոյի մի քանի հին ծանոթներ այժմ խաղում են «Ռոմայում»՝ Մխիթարյանը, Պեդրոն, Քրիս Սմոլինգը և նույնիսկ Դավիդե Սանտոնը: Ժոզեի հետ հարաբերությունների մասին ամենաջերմը խոսում է Սանտոնը, ում կարիերան Ժոզեն սկսեց «Ինտերում»։ Պաշտպանն ասում է, որ մարզիչն իրեն որդու պես է վերաբերվում:

Պեդրոյի պնդումները մի փոքր հակասական են թվում: «Չելսիին» միանալուց անմիջապես հետո իսպանացին ասաց, որ իրեն դուր է գալիս Ժոզեի ոճը: 4 ամիս անց Մոուրինյոն հեռացվեց աշխատանքից, իսկ հետո Պեդրոն այլ բան ասաց. «Ընդհանուր առմամբ, թիմում ամեն ինչ սխալ էր»:

Իհարկե, ամենահետաքրքիրը Մխիթարյանի և Սմոլինգի հայտարարությունները լսելն է։ Նրանք խաղացել են Ժոզեի գլխավորությամբ  «Մանչեսթեր Յունայթեդում»: Հայ կիսապաշտպանը խոստովանել է, որ պորտուգալացին իր կարիերայի ամենադժվար մարզիչն է։

Մխիթարյանը մի քանի անգամ ասել է, որ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ճիշտ էին։

«Նա իր բնույթով հաղթող է: Նրան պետք է, որ դու հաղթես և անես այն, ինչ քեզանից է պահանջում: Նրա համար դժվար էր բոլորի հետ: Եղել են տարաձայնություններ և բախումներ»:

Մխիթարյանը սովորություն ունի՝ մարզումից 2-3 ժամ առաջ բազա գալ: Սա շատ զայրացնում էր Մոուրինյոյին, որին լրագրողները քննադատում էին հենց այդ պատճառով: Մոուրինյոն անգամ ասել է Մխիթարյանին, որ ֆուտբոլիստի պատճառով իրեն անընդհատ քննադատում են։

«Ամեն ինչ սկսվեց դրանից, և ես որոշեցի, որ ես այլևս անելիք չունեմ Մանչեսթերում: Եթե ես աշխատում եմ, ճնշում եմ գործում, պաշտպանում եմ, օգնում եմ թիմին, գոլ խփում և տալիս փոխանցումներ, բայց ինչ-որ մեկը դժգոհ է, ուրեմն ես այստեղ անելիք չունեմ: Ես չէի ուզում ժամանակ կորցնել, ուզում էի ավելի հեռուն գնալ և ֆուտբոլ խաղալ»,- ասել է ֆուտբոլիստը:

Մխիթարյանը խոստովանում է, որ ինքը լքեց «Յունայթեդը» Մոուրինյոյի հետ խնդիրների պատճառով, ինչը խանգարում էր նրան ֆուտբոլ խաղալ: Բայց վերջին հարցազրույցներում Հենրիխն ասում էր, որ հենց Ժոզեն է սովորեցրել իրեն պաշտպանվել և գործել թիմի շահերից ելնելով: Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Հայ ֆուտբոլիստն ու պորտուգալացի մասնագետը, ովքեր անկասկած պրոֆեսիոնալներ են, կարող են մոռանալ հին խնդիրները և սկսել աշխատել ընդհանուր նպատակի համար։ «Ռոմայի» սեփականատերերը շատ են ուզում, որ Հենրիխը մնա, այնպես որ, նրանք պետք է որ շփված լինեն Մոուրինյոյի հետ այս թեմայով։

Քրիս Սմոլինգի պատմությունը ևս բարդ է։ Ժամանակին Մոուրինյոն մի խումբ խաղացողների մեղադրել է այն բանի համար, որ նրանք չեն կարողացել խաղալ ցավի միջով՝ հենց այն հանդիպումից հետո, որը Սմոլինգը բաց թողեց վնասվածքի պատճառով: Ավելի ուշ Քրիսը ստիպված էր մամուլին բացատրել, որ այս միտքը իր հասցեին չէ: Բայց Ժոզեին աշխատանքից հեռացնելուց հետո պաշտպանը, այնուամենայնիվ, խոստովանեց, որ կորցրել էր վստահությունը Մոուրինյոյի հետ աշխատանքի ընթացքում: Տեղափոխությունը դեպի Իտալիա օգնեց վերադառնալ պատշաճ մակարդակի, բայց Ժոզեն նույնպես հասավ այստեղ:

Բայց «Ռոմայում» հաստատ մի ֆուտբոլիստ կա, ով ուրախ է տեսնել Մոուրային, և դրանք փոխադարձ զգացմունքներ են: Էդին Ջեկոն երբեք չի աշխատել ժոզեի հետ, բայց պորտուգալացին գովեստի խոսքեր ասաց նրան և նույնիսկ անվանեց Պրեմիեր լիգայի 2014 թվականի տարվա խաղացող (այն ժամանակ, երբ Լուիս Սուարեսը և Յայա Տուրեն հիասքանչ էին Պրեմիեր լիգայում)։

«Տարվա լավագույն ֆուտբոլիստը պետք է լինի չեմպիոն թիմից: Ես կընտրեի Ձեկոյին, քանի որ նա կազմում միայն 3-րդ հարձակվողն էր, բայց նա տալիս էր արդյունքը, երբ թիմին ամենից շատն էր պետք: Վճռական պահերին նա փոփոխություն մտցրեց: Նա պարզապես գոլի հեղինակ չէ, նա նաև օգնում է, իրեն ճիշտ է պահում, ազնիվ է, չի ընկնում, չի փորձում կարմիր քարտ խնդրել իր մրցակցի համար»:

Բոսնիացի հարձակվողը ակնհայտորեն հիացած էր Ժոզեի նշանակմամբ (և չսիրված Պաուլո Ֆոնսեկայի հեռանալով):

Ժոզեն խոստացավ չմարզել «Ինտերի» մրցակիցներին, բայց հիմա Կոնտեն այնտեղ է՝ թեժ է լինելու

Ժոզեի համար ամենահետաքրքիր դիմակայությունն ակնհայտորեն կլինեն «Ինտերի» դեմ հանդիպումները` այն թիմը, որում նա ամենամեծ հաջողությունն ունեցավ իր կարիերայում: «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին մի քանի անգամ ասաց, որ մարզիչը զղջում է «Ռեալ» մեկնելու համար, քանի որ Ժոզեն ուրախ էր հենց Իտալիայում:

2019 թվականին Մոուրինյոն հնարավորություն ուներ վերադառնալ Իտալիա (լուրերը պորտուգալացուն կապում էին «Միլանի» հետ), բայց նա անմիջապես ասաց, որ չի անի դա. «Ես հիմա հաստատ չեմ վերադառնա Իտալիա՝ «Ինտերը» դարձել է իմ տունը և ընտանիքը, իակ նախագահ Մասիմո Մորատին ընկերս է»:

Բայց երկու տարի անց Ժոզեն The Times-ին այլ բան ասաց. «Ինձ հատուկ սեր է կապում «Ինտերի» հետ: Բայց եթե ինձ մեկ անգամ առաջարկեն մարզել «Ինտերի» մրցակից ակումբը, ապա ես երկու անգամ չեմ մտածի: Ես պրոֆեսիոնալ տեսակետ ունեմ իրերի վերաբերյալ»: Այս հայտարարությունը հրապարակվեց հարցազրույցում` «Ռոմայի» հետ պայմանագրի հայտարարությունից երկու օր առաջ:

Բացի այդ, այս պահին «Ինտերը» մարզում է Մոուրինյոյի գլխավոր մրցակիցներից մեկը՝ Անտոնիո Կոնտեն: Անգլիայում մարզիչների շրջանում իսկական պատերազմ է ծավալվել՝ Ժոզեն ակնարկեց, որ Կոնտեն խաղում է ծաղրածուի պես, իտալացին պատասխանեց ՝ Մոուրինյոյին մեղադրելով ծերունական տկարամտության մեջ և անվանելով նրան փոքր մարդ: Ի պատասխան՝ Կոնտեն մեղադրվեց կեղծավորության և պայմանավորված խաղերի մասնակցելու մեջ:

Մոուրինյոն պատմությունն ավարտեց՝ ասելով, որ արհամարհում է Կոնտեին: Այնպես որ, նոր մրցաշրջանում շատ թեժ է լինելու։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս