Պատանի մարմնամարզիկ Վալերի Ժամկոչյանը դարձել է ցատկացանցի Եվրոպայի առաջնության 7-րդ մրցանակակիր
Հայաստանը ներկայացնող 13-ամյա Վալերի Ժամկոչյանը Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ և գրավել 7-րդ մրցանակային տեղը:
«Ցատկացանցի ֆեդերացիան Հայաստանում սկսեց գործել 2011 թվականից: Սակայն մինչ այս լուրջ հաջողություն չէինք գրանցել: Այս տարի Եվրոպայի առաջնությունում Վալերի Ժամկոչյանը 14-17 տարեկանների խմբում դուրս եկավ եզրափակիչ և գրավեց 7-րդ մրցանակային տեղը: Սա այն արդյունքն էր, որին սպասում էինք երկար ժամանակ»,- առցանց ասուլիսի ընթացքում ասաց «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Ֆահրադյանը:
Վերջինիս խոսքով` տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել այս մարզաձևում` մարզիչները ստացել են որակավորման աստիճան: «Ձգտում են ինչպես պատանի տղաների, այնպես էլ աղջիկների ընդգրկել այս գեղեցիկ օլիմպիական մարզաձևում»,- ասաց նա:
Պատանի մարզիկ Վալերի Ժամկոչյանի խոսքով՝ առաջին անգամն էր, որ ինքը մասնակցում էր նման մրցաշարի և ուրախ է այս արդյունքի համար: «Ցատկացանցով զբաղվում եմ մոտ 9 տարի: Մինչ այս մասնակցել եմ մի շարք միջազգային մրցաշարերի, որոնց ընթացքում որոշակի փորձ եմ ձեռք բերել»,- ասաց մարզիկը:



