«Անժելա Էլիբեգովայի առնչությամբ քրգործը հարուցվել է սուտ մատնության հանցակազմի հատկանիշներով. նա տուժող է ճանաչվել»․ Միքայել Շխիմյան

Այսօր փաստաբան Միքայել Շխիմյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Հիշում եք ադրբեջանագետ Ա.Էլիբեգովային «հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամի կողմից պետական  դավաճանության մեջ մեղադրելու փաստի կապակցությամբ հաղորդում էինք ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրենին, որը քննության առնվելով որոշում էր կայացվել քրեական գործ չհարուցելու մասին, որն էլ բնականաբար մեր կողմից բողոքարկվել էր դատախազին…

Եվ ահա այսօր, Ա.Էլիբեգովան սուտ մատնության հոդվածով (ՀՀ քր. օր. 333հ 2մ 1կ) հարուցված քրեական գործի շրջանակներում ճանաչվեց տուժող»:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Հեղափոխության պահապաններ» ոչ անհայտ խմբակի անդամներից Վահե Խանդիլյանի գրառմանը: Վերջինս Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից բեմադրված ու իրականացված «Գագիկ Սողոմոնյան ֆեյքի բացահայտումը» օպերացիայի շրջանակում ԱԱԾ հրավիրելուց հետո գրել էր. «ԱԱԾ դավաճանության հոդվածով ադրբեջանագետ ՀՀԿ անդամ Անժելա Էլիբեգովայի համակարգիչն է առգրավել, որի մեջ է եղել նաև վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ամբողջական զեկույցը, որը պիտի հանձնվեր ՄԻՊ-ին, բայց դա նա փոխանցել է Ադրբեջանին, որի դիմաց ստացել է գումար։ Նա և Արա Սաղաթելյանը (Իշխան Սաղաթելյանի եղբայրը) բերման են ենթարկվել»:

Մենք, իհարկե, հարգելով մեր ընթերցողին, ուղղել ենք այն բազմաթիվ ուղղագրական սխալները, որոնք առկա էին մի քանի տող գրառման մեջ, սակայն բովանդակությունը ներկայացրել ենք անփոփոխ:

Փետրվարի 21-ին Անժելա Էլիբեգովան որոշեց դիմել իրավապահ մարմիններին:

«Սկզբում որոշեցի լուրջ չվերաբերվել այս հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են:

Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան և իշխանական ֆեյքերը զրպարտություն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետևանք չի մնալու։

Առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն»,- գրել էր նա՝ կից ներկայացնելով Վահե Խանդիլյանի գրառման լուսապատճենը:

168.am-ի հետ զրույցում Անժելա Էլիբեգովայի ներկայացուցիչ Միքայել Շխիմյանն ասաց, որ «Հեղափոխության պահապաններ» խմբակի անդամի այդ գրառման առնչությամբ իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ, սակայն ԱԱԾ-ն քննելուց հետո մերժել է գործի հարուցումը, գտել, որ չի հաստատվում:

«Դրանից հետո ես բողոք ներկայացրեցի դատախազին, այն բավարարվեց, որից հետո որոշում կայացվեց, որ քրեական գործ ամեն դեպքում պետք է հարուցվի: Գործը հարուցելուց հետո այն, ըստ ենթակայության, ուղարկեցին Արաբկիրի քննչական բաժին՝ հավանաբար պայմանավորված Անժելա Էլիբեգովայի բնակության վայրի հանգամանքով»,- ասաց Միքայել Շխիմյանը:

Նրա խոսքով՝ այսօր ներկայացել են Արաբկիրի քննչական, ուր արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում Անժելա Էլիբեգովան ցուցմունք է տվել:

«Անժելա Էլիբեգովան տուժող ճանաչվեց: Իսկ գործը հարուցվել է սուտ մատնության հանցակազմի հատկանիշներով, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խոսքը անձին առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրելու մասին է»,- նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ներկայացուցիչը:

Հարցին՝ արդյո՞ք Վահե Խանդիլյանն այս գործով արդեն դատավարական կարգավիճակ ունի, Միքայել Շխիմյանը պատասխանեց՝ ոչ, չունի՝ հավելելով, որ հետևողական են լինելու:

Տեսանյութեր

Լրահոս