Մեկ-մեկ նույնիսկ դրսում են դասերն անցկացնում․ Քամուց տուժած Հայանիստի դպրոցի հարցը դեռ չի լուծվել
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ՝ Արարատի մարզի Հայանիստ համայնքի դպրոցը, մանկապարտեզը, բուժամբուլատորիան և մի շարք բնակիչների տներ ապրիլի 10-ի ուժեղ քամուց տուժել են, որոշները վթարային են դարձել:
Համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կազմվել են արձանագրություններ և ուղարկվել մարզպետարան։
«Այս քանի օրը մեզ պետք է պատասխանեն։ Այնպես է, որ որոշողը ես չեմ, ես ընդամենը պահանջողն եմ, պահանջս պետք է կատարեն, էլի։ Հիմա, թե երբ կկատարեն պահանջս՝ չգիտեմ»,- ասաց համայնքապետը։
Համայնքի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ ընդհանուր վնասվել է 31 շենք, այդ թվում՝ բուժամբուլատորիա, դպրոց, մանկապարտեզ: Բացի բնակելի 28 տներից՝ վնասվել է նաև բնակիչներից մեկի ջերմոցը:
Ինչ վերաբերում է տարածված այն տեղեկությանը, թե դպրոցում 300-ից ավելի աշակերտներ դասապրոցեսն անցկացնում են դրսում, աշխատակազմի ղեկավարը արձագանքեց․ «Դասերը երկհերթ են անցկացվում, սակայն մեկ-մեկ դասապրոցեսները չխաթարելու նպատակով նույնիսկ դրսում են դասերն անցկացնում»։
Դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանի փոխանցմամբ էլ՝ երբ դեպքը նոր է եղել, փորձել են հեռավար անցկացնել դասերը, սակայն խնդիր է առաջացել, որովհետև ամբողջ համայնքում ինտերնետի լարերը պոկվել են, հոսանք չի եղել, հետևաբար՝ տեխնիկա միացնելու հնարավորություն՝ ևս, դրա համար որոշել են դասերը երկհերթ անցկացնել:
Նշենք, որ համաձայն համայնքապետարանի ներկայացրած արձանագրության՝ հանձնաժողովը գնահատել է արտակարգ իրավիճակների հետևանքով Հայանիստ համայնքի դպրոցին պատճառված վնասը, մասնավորապես՝ տանիքի փայտյա մասի, ալիքավոր թիթեղի, ջրհորդանների, ինչի հետևանքով դասապրոցեսները դարձել են անհնար: Գրեթե նույն վնասը կրել է նաև բուժամբուլատորիան։ Գնահատվել են նաև արտակարգ իրավիճակների հետևանքով Հայանիստ համայնքի բնակիչների կրած վնասները։