«Իմ գործողությունները որևէ մեկով, որևէ մեկի կարծիքով թելադրված չեն». Գևորգ Բաղդասարյան

«Իմ գործողությունները որևէ մեկով, որևէ մեկի կարծիքով թելադրված չեն»,- այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով հետաձգված դատական նիստից հետո ասաց մեղադրող դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Սահմանադրական դատարան դիմելու՝ դատախազների որոշումը պայմանավորված չէ Նիկոլ Փաշինյանի կամարտահայտությամբ, երբ վերջինս ՍԴ որոշումից հետո, երբ 300.1 հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական, ասաց, որ դեռ ծանոթ չէ որոշմանը, կծանոթանա, կհասկանան՝ ինչ անեն:

Նա նշեց, որ ՍԴ ներկայացված, գլխավոր դատախազի կողմից ստորագրված դիմումը և սույն դատարանում հնչեցված մտքերը դատախազության մտքերն են:

«Որևէ մեկը չի կարող, Ձեր ասած ձևակերպումներով, միջամտություն ցույց տալ, և չի փորձում այդպիսի միջամտություն անել: Իրավական բավականին լուրջ հարց կա: Եթե Ձեզ հետաքրքրի, կարող եք նաև այլ իրավաբանների դիմել, և նրանք էլ կասեն, որ այդտեղ լուրջ հարց կա: Այդ հարցի առկայությունը հիմնավորելու համար ես նույնիսկ Քրեական դատավարության օրենսգրքում ապագայում հավանաբար լինելիք կարգավորումներ եմ մեջբերել՝ ցույց տալու համար, որ իրավունքի զարգացում կա այդ ուղղությամբ, դրա համար ՍԴ-ից այդպիսի որոշում ակնկալում ենք»,- ասաց գլխավոր դատախազի տեղակալը:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե դատախազությունը չի ընդունում Բարձր դատարանի որոշումները, Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ եթե չընդունեին, իրենք այս դատարանում չէին խոսի այն մասին, որ ՍԴ որոշումը պարտավորեցնում է սույն դատարանին այդ հարցը քննարկել, քննարկել 35 և  366 հոդվածների կիրառման հարցը:

«Էդ առումով ընդունում ենք: Մասնագիտական առումով, չեմ թաքցնի, ընդունելի չի»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Նա նաև պնդեց, որ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելու հարցում քաղաքական իշխանությունը որևէ կապ չունի:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս