Մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարն ու նրա եղբայրը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի բաժնում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավարը, 2012-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հաստատապես իմանալով, որ եղբոր ընտանիքը որպես նպաստառու հաշվառված է անապահովության գնահատման համակարգում, և նրան համայնքապետարանում աշխատանքի ընդունելու պարագայում վերջինիս ընտանիքը կզրկվի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից, պայմանավորվածություն է ձեռք բերել իր անմիջական ենթակա, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նրա եղբոր հետ, որից հետո իր եղբոր փոխարեն վերջինիս ձևականորեն ձևակերպել է վարորդի պաշտոնում:
Մինչև 2014թ. համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու գյուղապետարանի կնիքով վավերացրել է վճարման կեղծ հանձնարարագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են մտցվել, թե, իբր, քարտուղարի եղբայրն է իրականում հաճախել աշխատանքի, կատարել վարորդի պարտականությունները և իր կատարած աշխատանքի դիմաց ենթակա է վարձատրման:
Համայնքի ղեկավարի եղբայրն իր հերթին, 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում, փաստացի կատարելով վարորդի պարտականությունները, Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ներկայացված ամենամյա դիմում-հայտարարագրերում կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, չունի այլ եկամուտներ և խաբեության եղանակով, խարդախությամբ հափշտակել 1.706.000 ՀՀ դրամ նպաստի գումար՝ պետությանը պատճառելով էական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ վերջինիս եղբորը՝ փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: