Ծառուկյան-Մարուքյան․ Նիկոլ Փաշինյանի գերիները

Երեկ Ազգային ժողովում արձանագրվեց Հայաստանի պատմության, թերևս, ամենախայտառակ օրը։ Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանում տեղի ունեցավ ձևական միջոցառում, խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններից ոչ մեկը վարչապետի թեկնածու չառաջադրեց, ինչի արդյունքում «Իմ քայլը» ձեռնպահ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, և վարչապետ չընտրվեց։ Նույն ներկայացումը կկրկնվի ուղիղ մեկ շաբաթ անց. Նիկոլ Փաշինյանը կրկին չի ընտրվի, և Ազգային ժողովը կլուծարվի։

Այս պատմության խայտառակությունն այն է, որ խորհրդարանական կառավարման կարգ ունեցող երկրում քաղաքական գործընթացները տեղի են ունենում ոչ թե Սահմանադրությամբ, դրանից բխող քաղաքական տրամաբանությամբ, այլ քաղաքական պայմանավորվածություններով։ Խորհրդարանական երկու խմբակցություններ թեկնածու չառաջադրեցին, որպեսզի պահպանեն իշխանության, Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այն դեպքում, երբ խորհրդարանական ուժերը, բառի լայն իմաստով, ունեն մեկ պայմանավորվածություն, և այդ պայմանավորվածությունն ընտրողների հետ է։

Ընտրողները «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին վստահաբար չեն պատվիրակել պայմանավորվածություններ ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի հետ ու գործել ոչ թե՝ Սահմանադրության ընձեռած հնարավորությունների, այլ՝ այդ պայմանավորվածությունների տրամաբանությամբ։

Ընդ որում, հանրությունը տեղյակ է այդ պայմավորվածությունների միայն հրապարակված մասին, տակավին անհայտ է, թե ի՞նչ են խոսել փակ դռների հետևում Նիկոլ Փաշինյանի հետ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը, ինչի՞ դիմաց են նրանք համաձայնել մասնակցել Նիկոլ Փաշինյանի խաղին։ Իսկ որ տեղի ունեցողը խաղ է, ու դա Նիկոլ Փաշինյանի խաղն է, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։

Այսպիսով, պետք է արձանագրել, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերից առնվազն երեքը՝ «Իմ քայլը», ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, հանդես են գալու միասնաբար՝ ոչ թե ձևաչափի, այլ մտադրությունների ու քաղաքական պայմանավորվածությունների առումով։ Իսկ այն, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ամիսներ շարունակ հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանը չարիք է, որ այս իշխանության ամեն օրվա հետ Հայաստանը քամվում է, և այլ լալահառաչ տեքստեր, ընդամենը խաղի կանոնների մի մասն էր։ Խաղ, որի նպատակն է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի համար դրանից բխող մանդատային հետևանքներով։

Այս ամենի մեջ կա նաև զավեշտալի, բայց ողբերգական նրբերանգ․ ամեն օր «ժողովրդի իշխանության» մասին հայտարարող Նիկոլ Փաշինյանն այդ իշխանությունը պահպանելու համար ստվերային գործարքի մեջ է մտել ուժերի հետ, որոնք, ըստ իշխանության տրամաբանության՝ ամեն ինչ անում էին, որպեսզի իշխանության ճակատագիրը որոշի ոչ ժողովուրդը։ Երեկ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանն աջակցեցին Նիկոլ Փաշինյանին, հերթը նրանն է․ հունիսի 20-ի ընտրություններում նա պետք է վարձահատույց լինի այս աջակցության համար։

Ծառուկյանն ու Մարուքյանն ամբողջ մեկուկես ամիս պետք է մտատանջվեն՝ կպահպանի՞ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածության իր մասը, թե՞ կվարվի այնպես, ինչպես վարվել է իր կյանքի պայմանավորվածությունների մեծ մասի դեպքում։ Նրանք այլևս Նիկոլ Փաշինյանի գերիներն են։

Տեսանյութեր

Լրահոս