Գագիկ Ջհանգիրյան-Լիլիթ Թադևոսյան-Ռուստամ Բադասյան տրիոյի պասերով խաղը
168.am-ն ապրիլի 30-ին հղում կատարելով իր աղբյուրներին՝ գրել էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ սկսելու նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ:
Խոսքը վերաբերում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործով նախաքննական մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառելու միջնորդության՝ Արման Հովհաննիսյանի կողմից մերժմանը: Դատավոր Արման Հովհաննիսյանը հրաժարվել էր կալանքի որոշում կայացնել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:
Նկատենք, որ Արման Հովհաննիսյանի կայացրած որոշումը Վերաքննիչ դատարանը՝ Արմեն Բեքթաշյանի նախագահությամբ, թողել էր անփոփոխ:
Ինքը՝ Արման Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում ասել էր՝ այս վարույթի հարուցմամբ ուղիղ ցանկանում են միջամտել իր անկախությանը, ինչը, վստահաբար ասում է՝ չի ստացվելու:
«Կլինի երկու թե տասը կարգապահական վարույթ, միևնույն է, դա չի ստացվելու իրենց մոտ, քանի որ ես աշխատելու եմ այնպես, ինչպես որ աշխատել եմ 2018թ. մարտի 27-ից: Ավելի լավ է՝ ես չաշխատեմ, քան աշխատեմ այնպես, ինչպես որոշ մարդիկ են պատկերացնում»,- նշել էր դատավոր Արման Հովհաննիսյանը:
Ի դեպ, 168.am-ը գրել էր, որ կարգապահական վարույթ հարուցելու առնչությամբ զեկուցագիրը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձամբ է ներկայացրել արդարադատության նախարարին, և այս փաստի առնչությամբ ուշագրավ մանրամասներ են մեզ հայտնի դարձել:
Պարզվում է, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու զեկուցագիրը դեռևս փետրվարին է ներկայացրել: Վերջինս, սակայն, չի դիմել Բարձրագույն դատական խորհուրդ, մինչև որ Աշոտ Երկաթի գործը չի հասել Վճռաբեկ դատարան:
Մեր տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, ով բավականին մտերմիկ հարաբերություններ ունի Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ, իր դատարաններով վոյաժի հերթական կանգառում՝ Վճռաբեկ դատարանում, լալահառաչ տեքստեր է արտաբերել զինված հաշվեհարդարը նախադեպ չդարձնելու վերաբերյալ, հետո դրանք համեմել է իրեն բնորոշ հոխորտանքներով ու վստահ Վճռաբեկից հեռացել այն հույսով, որ Արման Հովհսննիսյանի կայացրած վճիռն այդ գործով կբեկանվի:
Դրանից հետո միայն Ռուստամ Բադասյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու խնդրով՝ հույսով, որ Վճռաբեկ դատարանի կողմից բեկանված որոշումը կհիմնավորի կարգապահական վարույթի տեղին լինելը:
Ըստ էության Ռուստամ Բադասյանը վստահ է, թե ինչ վճիռ է կայացնելու Վճռաբեկ դատարանը, և դրա համար էլ հարուցել է դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ վարույթը:
Գագիկ Ջհանգիրյանի դատարանային վոյաժների այլ մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում: