Ինչո՞ւ է Կառավարությունը 28 միլիոն դրամ հարկից ազատել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին»
Կառավարությունը «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 10 տարով տրամադրված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին», ազատել է 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից։
Համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է դեկտեմբերի 25-ի նիստում՝ օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով։
Ուշագրավ է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած այս նախագծով առաջարկվել է ընկերությանը ազատել հարկային պարտավորություններից հունիսի 3-ից մինչև դեկտեմբերի 1-ը, 100 տոկոսի չափով՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրությամբ»:
Այս նախագծի վերաբերյալ, սակայն, առարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը։
Մասնավորապես, առարկություններից մեկով նախարարությունը նշել է, որ այդ 28 միլիոն դրամը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված է որպես եկամուտ և ենթակա է վճարման։
Մյուս կողմից, ըստ ֆիննախի, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ. մետր և 9-րդ հարկից 529.4 քառ. մետր մակերեսով տարածքի վարձակալության վճարից 100 տոկոսով՝ 18.7 միլիոն դրամով ազատելը կարող է այլ սուբյեկտի մոտ ևս պետական բյուջե վճարման ենթակա պարտքերի ներման կամ արտոնությունների տրամադրման սպասում առաջացնել, ինչի արդյունքում կնվազի բյուջետային վճարումների կարգապահության մակարդակը:
Չնայած Ֆինանսների նախարարության այս առարկությանը՝ գործադիրը Պապիկյանի ներկայացրած նախագիծն ընդունել է, և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն» ազատվել է 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից։