«Կարծում եմ՝ հնարավորության սահմաններում, տեղանքի, եթե ոչ՝ ամբողջական, գոնե մասնակի փոփոխություն կատարվելու է». Շուռնուխի գյուղապետ
Սյունիքի մարզում ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ հայկական շահեկան դիրքերը թշնամուն հանձնելուց հետո, բազմաթիվ սյունեցիներ կորցրեցին իրենց տները, քանի որ դրանք մնացին թշնամու հսկողության տակ։ Օրինակ, Շուռնուխ գյուղում 13 ընտանիք մնաց թշնամուն հանձնված տարածքներում։ Դրանից հետո Կառավարությունը հայտարարեց, որ անօթևան մնացած շուռնուխցիների համար տներ կկառուցեն, սակայն 4,5 ամիս է անցել, իսկ սայլը տեղից չի շարժվել։ Կառավարությունը միայն տներ կառուցելու վայրն է դեռևս ընտրել, ինչն անօթևան մնացած շուռուխցիների համար տուն կառուցելու, առավել ևս՝ ապրելու համար պիտանի տարածք չէ։
168.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն անդրադառնալով այս խնդրին՝ ասաց, որ երեկ շուռուխցիները Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետ զրուցել են, նրան ասել, որ տեղանքը տուն կառուցելու համար պիտանի վայր չէ։
«Կարծում եմ՝ նա հասկացել է գյուղացիներին և, հնարավորության սահմաններում, տեղանքի, եթե ոչ՝ ամբողջական, գոնե մասնակի փոփոխություն կատարվելու է։ Այսինքն՝ մի քանի տներ, որոնց տեղանքը հարմար չէ, պետք է իջնեն գյուղի երկրորդ փողոց։ Ըստ իս, սա բնակիչների համար ընդունելի կլինի, սակայն պետք է լինեն նաև հանրային լսումներ»,- նշեց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ տները կառուցելու հիմքերն արդեն գցել են։
«Այդ տները նախատեսված են 13 ընտանիքի համար։ Կոնկրետ այդ 13 տունը կառուցում է պետությունը, երեկ Ռոբերտ Ղուկասյանի հետ խոսեցինք, որ տներ կառուցելը շարունակական կլինի, և այդ 13-ից զատ՝ կկառուցվեն այլ տներ արդեն բարերարների կողմից, չգիտեմ՝ մեկը կլինի, թե քանիսը, բայց կկառուցվի արդեն Արցախից տեղահանված բնակիչների համար։ Մեզ ասել են, որ տների կառուցումը կավարտվի մինչև հունվար, սա՝ 13 տների մասով, ասել են, որ մինչև հունվար մարդիկ իրենց տներում պետք է լինեն»,- հավելեց նա։
Անդրադառնալով նախորդ ամիս ադրբեջանական կողմ անցած և անհետացած կովերին, Հակոբ Արշակյանը նշեց, որ որևէ տեղեկություն չկա։
«Երեկ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն ասաց, որ փոխհատուցում լինելու է, մարդկանց փոխհատուցում կտան, թե ինչ կարգի ու ինչպես՝ չգիտեմ։ Եթե դրանք արդեն թուրքի ձեռքում են, էլ ի՞նչ հետ տալ, եթե ես նրանց ձեռքն ընկնեմ, կտոր-կտոր կանեն, էլ ուր մնաց՝ անասուն ընկնի, ու նրանք կտոր-կտոր չանեն ու չուտեն»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։