Ի՞նչ կարևոր առաքելությամբ է Լավրովը ժամանելու Երևան և Բաքու

Մայիսի առաջին կեսերին պլանավորված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան և Բաքու։ Նախատեսվում են բարձր մակարդակով հանդիպումներ երկու երկրներում։

«Առկա պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այց կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու»,- օրերս այս մասին է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Երևանում և ադրբեջանական ԶԼՄ-ներում Լավրովի առաջիկա դիվանագիտական առաքելության վերաբերյալ բազմաթիվ վարկածներ են շրջանառվում։

Սակայն մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ամեն ինչ ավելի քան ակնհայտ է, և այլ տեղերում ինչ-որ բաներ պետք չէ փնտրել։

Ըստ նրա, կան մի շարք նոր և հին հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են դարձնում նման այցը։ Ավելին, Սկակովի կարծիքով, պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ստորագրել է հայտարարություններ Երևանի և Բաքվի հետ, տեղում ավելի հաճախակի գտնվելու անհրաժեշտություն է ստեղծում։

«Նախ Լավրովը, ով կանգնած է հրադադարի և նոյեմբերյան, հունվարյան հայտարարությունների ակունքում, խնդիր ունի հետևել դրանց իրականացման ընթացքին, որը ներառում է բոլոր սուր անկյունների քննարկում, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի, ռուսական խաղաղապահ առաքելության հարցերը և առաջիկա բանակցությունները եռակողմ ձևաչափով։ Դրանք անհարթ չեն անցնում, կան տարաձայնություններ, որոնք թույլ չեն տալիս առաջ ընթանալ հայտարարությունների կատարման ուղղությամբ։ Կա գերիների հարցը Երևանի համար, որն ամրագրված է, այս հարցը ևս քննարկվելու է։

Երևանում ներքաղաքական գործընթացներ են, որոնք դանդաղեցնում են Երևանի դիվանագիտական ակտիվությունը, սա ևս կարող է խոչընդոտել գործընթացին, ուստի միջնորդը պետք է դա կանխատեսի, ՌԴ ԱԳՆ ղեկավարը չէր ցանկանա, որ այդ պայմանավորվածությունները վտանգի տակ հայտնվեն։

Մյուս հանգամանքը, որը ֆոնային է, բայց կարևոր՝ այն է, որ Հարավային Կովկասում իր քայլերով գործընթացներ է փորձում նախաձեռնել Բայդենի վարչակազմը, և Ռուսաստանը խնդիր ունի պահել վերահսկողությունը՝ միևնույն ժամանակ լարվածության նոր օջախ չստեղծելով։ Ռուսաստանի համար պարզ է, որ Բայդենի վարչակազմը ձգտում է ԵԱՀԿ ՄԽ վերականգնման, որին ՌԴ-ն դեմ չէ, և առաջիկա այցը կանդրադառնա նաև այդ աշխատանքի վերսկսման հարցին, դրա օրակարգին և հումանիտար հարցերին։ ՌԴ դիվանագիտության խնդիրը ներկայումս նոր խնդիրներ Ռուսաստանի համար թույլ չտալն է, նոր լարվածությունը ծայրահեղ անընդունելի է ՌԴ-ի համար, հատկապես, երբ օրերս ղրղըզատաջիկական սահմանային ռազմական դիմակայություն է ծագել ՀԱՊԿ նիստին զուգահեռ, հարվածի տակ դնելով ՌԴ ձևավորած եվրասիական կառույցները և ՀԱՊԿ-ը։ Եվ ընդհանուր առմամբ ՌԴ դիվանագիտության համար ակտիվ շրջան է՝ պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով՝ Բայդենի քաղաքականությունը, Չինաստան-Իրան, Թուրքիա, Ղարաբաղ, Մերձավոր Արևելք, Արևմուտք, պատժամիջոցներ։ Բավականին լարված փուլ է, ուստի նոր խնդիր նման թեժ գոտում՝ խնդիր կա թույլ չտալ»,- ասաց Սկակովը։

Ըստ նրա, ՌԴ գլխավոր դիվանագետի այցի օրակարգը Երևան և Մոսկվա բավականին խիտ է լինելու։ Սկակովի խոսքով, «Իսկանդեր»-ի կիրառման հարցը ևս այն թեմաներից է, որը գուցե քննարկվի առաջիկա այցերի ընթացքում, քանի որ անընդհատ կերպով շահարկվում է, և դրանց պետք է վերջակետ դնել։

«Այսինքն՝ հարցերի մի ամբողջ համակարգ կա, որոնք կարող են լինել Լավրովի սեղանին»,- ասաց փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս