«Կլինի 6-7 ուժ, որոնք կարող են 5 տոկոսի շեմը հաղթահարել ընտրություններում». Կարեն Քոչարյան
ՀՀԿ-ն ապրիլի 29-ին պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության հետ դաշինք կազմելով։
«Հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, այդ նպատակի համար բոլոր միջոցների և ջանքերի գործադրման կարևորությունը, ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, ՀՀԿ-ն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին։
Մասնակցության հնարավոր ձևաչափերի և համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ։
Միաժամանակ արձանագրվել են գործող դավադիր վարչակազմի հակասահմանադրական, հակաօրինական, միահեծան և ռեպրեսիվ գործողությունները, որոնք անվստահության և ապալեգիտիմացման ական են դնում այս գործընթացի տակ»,- այս մասին հրավիրած ասուլիսի ժամանակ ասել էր Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
168.am–ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադառնալով «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին և հնարավորություններին, նկատեց՝ երկու ուժերի համար պլյուսներն ավելի շատ են դաշինքով, քան, եթե առանձին-առանձին մասնակցեն ընտրություններին։
«Կարծում եմ՝ կլինի 6-7 ուժ, որոնք կարող են 5 տոկոսի շեմը հաղթահարել, դա, բնականաբար, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի դաշինքներն են, կլինի նաև «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը, Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, իսկ մնացած ուժերը պարզապես լինելու են օլիմպիական սկզբունքով, որոնց համար կարևորը մասնակցելն է, այլ ոչ թե հաղթելը»,- նշեց Կարեն Քոչարյանը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը խորհրդարանում մեծամասնություն կազմելու հնարավորություններ ունի՞, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ չի կարող գուշակել, սակայն հնարավորություններ ունեն բոլորը։
«Ցավոք, Նիկոլ Փաշինյանը շանս ունի․ հաղթել ասելով, նկատի չունեմ, որ 50 տոկոսի շեմը կանցնի, այլ նկատի ունեմ, որ անցողիկ շեմը կհաղթահարի և կանցնի խորհրդարան։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կանցնի առանց վարչական ռեսուրսի օգտագործման, սակայն հաղթել առանց վարչական ռեսուրսի՝ չի կարող»,- հավելեց Կարեն Քոչարյանը։