Մանե Թանդիլյան-Մեսրոպ Առաքելյան տանդեմի համար որպես նախընտրական շտաբներ կծառայեն «Մոգոյի» տարածքները
Ապրիլի 20-ին 168.am-ը գրել էր, որ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը վերադառնալու է Հայաստան՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Փաշինյանի առաջարկով` Թանդիլյանը գլխավորելու է «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը, որը ներկայումս հանդիսանում է իշխող «Իմ Քայլը» դաշինքի անդամ։
Անցած շաբաթ ՀՀ սոցապ նախարարի պաշտոնից իր հրաժարականի մասին հայտարեց Մեսրոպ Առաքելյանը, ով, ըստ տեղեկությունների, արդեն իսկ ակտիվորեն զբաղվում է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով, և հենց դրա համար էլ աշխատանքից ազատվելու դիմումը ներկայացրել էր:
Մենք տեղեկացանք, որ առաջիկայում սպասվում է նաև Մանե Թանդիլյանի հրաժարականը։ Վերջինս Մեսրոպ Առաքելյանի հետ ակտիվ քննարկում է ընտրություններին մասնակցության ձևաչափը։
Քանի որ ժամանակը սուղ է, Թանդիլյանը և Առաքելյանը որոշել են նախընտրական շտաբների համար օգտագործել Առաքելյանի ղեկավարած «Մոգո» վարկային կազմակերպության գրասենյակների տարածքները։
Պրոիշխանական զույգին շտաբային աշխատանքներում աջակցելու են «Մոգո»-ից սոցապ նախարարություն աշխատանքի տեղավորված աշխատակիցները, իսկ Թանդիլյանը փորձելու է ցուցակում ապահովել կանանց ներգրավվածությունը, որը, ըստ օրենքի պահանջի՝ պետք է կազմի ցուցակի առնվազն մեկ երրորդը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ցուցակի երրորդ համարը լինելու է «Առաքելություն» կուսակցության հիմնադիր անդամ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
Շտաբի պետի կարգավիճակում քննարկվում է ներգրավել Մեսրոպ Առաքելյանի կողմից սոցապ փոխնախարար նշանակված Դավիթ Խաչատրյանին։ Պրոիշխանական այս դաշինքն ընտրական շեմը հաղթահարելու հետ մեծ հույսեր չի կապում, սակայն համաձայն Փաշինյանի հետ պայմանավորվածության՝ իրենք պետք է ապահովեն ընդդիմադիր ձայների որոշակի փոշիացում, ինչը Փաշինյանի կողմից դիտարկվում է որպես փրկօղակ՝ ապագա Խորհրդարանում լրացուցիչ մանդատներ կորզելու համար։