«Իհարկե, մենք չենք իջնում այն մակարդակի, որ աղավաղենք վարչապետի խոսքերը՝ գայլեր-գելխեղդներ, պատերին ծեփել, ասֆալտներին փռել»․ Աղազարյան

2018 թ․ հայտնի քաղաքական իրադարձություններից հետո իշխող ուժը պարբերաբար թմբկահարում էր իրենց ամենաարժեքավոր ձեռքբերման՝ «ժողովրդավարության» մասին։ Անգամ չէին խուսանավում այնպիսի մաքսիմալիստական հայտարարություններից, որ, օրինակ, Հայաստանն այսօր աշխարհում ազատության և ժողովրդավարության բաստիոն է՝ հետևում թողնելով անգամ ԱՄՆ-ին և Եվրոպային։

2020 թվականի մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում Փաշինյանը հրապարակեց հերթական 100 փաստը Նոր Հայաստանի մասին, որտեղ ներառել էր մի քանի միջազգային ընկերությունների գնահատականներ՝ Հայաստանում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ՝ դրանք ներկայացնելով առանձին-առանձին փաստերի տեսքով՝ Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերություն, «Varieties of Democracy» ինստիտուտ, «Freedom House» իրավապաշտպան կազմակերպություն։

Ընդամենը մեկ տարի անց արդեն, «Freedom House» կազմակերպության հրապարակած «Հակաժողովրդավարական շրջադարձ» զեկույցում արձանագրվեց՝ Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ անկում է ապրել փաստորեն, պաշտոնապես 100 փաստերից ևս մեկը հօդս ցնդեց, իսկ ոչ պաշտոնապես, ժողովրդավարության ոտնահարումների մասին քաղաքական, հասարակական տարբեր շրջանակներ բարձրաձայնում երեք տարի շարունակ։

ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը,  սակայն, երկրում ժողովրդավարության հետընթացի ականատես չի եղել։ Այդուհանդերձ՝ նա 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հասկանում է «Freedom house»-ի գնահատականի տրամաբանությունը․

««Freedom house»-ը, իհարկե, շատ հեղինակավոր միջազգային կազմակերպություն է, բայց բոլոր դեպքերում՝ աշխարհում չկա կատարյալ մեթոդիկա, բանաձև՝ հասարակական-սոցիալական գործընթացներում այս կամ այն երևույթներին գնահատական տալու համար: Ես ոչ կասկածի տակ եմ մտնում, ոչ էլ…

Ես ինքս, իհարկե, չեմ նկատել, բայց հասկանում եմ իրենց գնահատականի տրամաբանությունը. հեղափոխությունից հետո՝ 2019 թ․, այդ իմաստով՝ մեր ռեյտինգը բարձացավ 0,03 կետով,  իսկ այս տարվա արդյունքներով՝ իջել ենք, բայց չենք հասել նախահեղափոխական մակարդակին:

Անկում է սա․ չենք կարող չարձանագրել։ Ես երկու հիմնական պատճառ եմ տեսնում այդ հետընթացի՝ առաջին պատճառը, որը համընդհանուր է եղել աշխարհում, կորոնավիրուսով պայմանավորված մարդու իրավունքների սահմանափակումներն են, և երկրորդ գործոնը՝ մենք եղել ենք պատերազմի մեջ, և պատերազմը նույնպես հետընթացի համար ազդակ է»։

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իշխանական պատգամավորը չի նկատել իշխող ուժի ներկայացուցիչների, գործադիրի ղեկավարի կողմից ուղիղ հրահանգավորմամբ ճնշումների, ապա անդրադառնալով վերջին օրինակին՝ Սյունիքի հայտնի դեպքերին՝ խնդրեցինք գնահատել՝ արդյոք դրանք ժողովրդավարության կոպտագույն խախտումնե՞ր չեն։

«Բնականաբար, իմ կարծիքը պետք է սուբյեկտիվ լինի, որովհետև, ինչպես Դուք նշեցիք, ես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ հանդիսանում, բայց, այդուհանդերձ, մոտիկից ճանաչելով վարչապետին, բավականին ծանոթ լինելով նրա աշխարհընկալմանը, արժեհամակարգին, պետք է արձանագրեմ, որ ես հետընթաց չեմ նկատել, և նույնիսկ՝ այդ, իմ կարծիքով, չափից դուրս ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հարգելը, որոշ դեպքերում՝ մեր հայրենակիցները չարաշահել են»:

Վերջում Հովիկ Աղազարյանը խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանի հայտնի՝ «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու», «գելխեղդ լինելու» մասին արտահայտություններին անդրադառնալիս կենտրոնանալ դրանցում առկա ուղերձի վրա և ոչ թե՝ ձևի։

«Իհարկե, մենք չենք իջնում այն մակարդակի, որ աղավաղենք վարչապետի խոսքերը՝ գայլեր-գելխեղդներ, պատերին ծեփել, ասֆալտներին փռել. Այդ արտահայտությունները մենք, բնականաբար, չպետք է ուղիղ իմաստով հասկանանք, այլ պետք է հասկանանք ուղերձը»,- նկատեց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս