NASA-ն կասեցրել է աստրոնավտներին Լուսին հասցնելու պայմանագիրը SpaceX ընկերության հետ
NASA-ն կասեցրել է SpaceX ընկերության հետ օրերս կնքված 2.89 մլրդ դոլարանոց պայմանագիրը, համաձայն որի Իլոն Մասկի ընկերությունը պետք է մշակեր լուսնային վայրէջքի մոդուլը՝ Artemis ծրագրի շրջանակներում աստրոնավտներին Լուսին հասցնելու համար: Այս մասին հայտնում է РБК-ն:
Պատճառն այն է, որ թենդերի մյուս մասնակիցները՝ Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը ու Dynetics ընկերությունը, ԱՄՆ Հաշվիչ պալատում (The Government Accountability Office) բողոքարկել են NASA-ի որոշումը: Այժմ SpaceX-ը պետք է դադարեցնի պայմանագրի հետ կապված ցանկացած աշխատանք, մինչև GAO-ն չի դիտարկի հայցը: Վեճի կարգավորումը տեղի կունենա ոչ շուտ, քան 2021-ի օգոստոսի 4-ին:
Blue Origin-ը, մասնավորապես, հայտարարել է, որ NASA-ն թույլ է տվել SpaceX-ին վերանայել իր հայտը, սակայն նույն այդ հնարավորությունը չի տրվել Blue Origin-ին: Մասկի ընկերության մրցակցի կարծիքով, լուսնային մոդուլի կառուցումը ընդլայնելու է SpaceX-ի մոնոպոլիան տիեզերքում: