Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագիրը
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է համերգային շարքը՝ «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում:
Դեռ 2018 թվականի նոյեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մեկնարկած ծրագիրը, որը համավարակի պատճառով դադարեցվել էր, իրականացում է նաև այս տարի: Յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ: «Ուրախ ենք, որ այս ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռվել է նաև Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբին: Արդեն մի քանի համերգ ունեցել ենք: Առաջիկայում՝ ապրիլի 30-ին ժամը 15.00-ին, Գյումրու Հայորդյաց տանը ևս մի համերգ ունենք: Ծրագիրն անչափ կարևոր է տարբեր տեսանկյուններից՝ հնարավորություն է տրվում դպրոցականներին այս պարագայում ծանոթանալ դասական արվեստին, միջմարզային կապն է ամրապնդում և զարգացնում է ներքին տուրիզմը:
Սա գերազանց հնավարություն է անվճար օգտվելու մշակութային կառույցներից՝ շփվելով բարձր արվեստի հետ: Նմանատիպ համերգներ նախատեսված են յուրաքանչյուր ուրբաթ»,-«Արմենպրես»-ին ասաց Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը՝ կարևորելով, որ համերգից բացի երեխաներին ներկայացվում են երաժշտական գործիքները, համերգավարը պատմում է դրանց գործառույթների մասին, երեխաները փորձում են նվագել: «Բացի համերգային հատվածից ունենք նաև ճանաչողական, երբ ներկայացվում է ոչ միայն նվագախմբի պատմությունը, այլ նաև երաժշտական գործիքները՝ հնարավորություն տալով բոլոր ցանկացողներին նվագել այդ գործիքներով»,- նշեց Սոնա Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ համերգին արդեն Գյումրիի դպրոցներից բացի ցանկություն են հայտնել մասնակցել նաև դպրոցներ Վանաձորից:
Նվագախումբը նվագացանկը կազմել է՝ հաշվի առնելով երեխաների տարիքային խումբը: «Արդեն ունենք 4 ծրագիր՝ տարբեր տարիքային խմբերի համար: Երեխաները լսում են ինչպես հայ, այնպես էլ եվրոպական և ժամանակակից դասականների ստեղծագործություններ»,-հավելեց Սոնա Հովհաննիսյանը: Նվագախումբը «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակում համերգներ է նախատեսել նաև Արթիկում և Մարալիկում:
Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի` ուսումնական տարվա ընթացքում երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը:
Դպրոցական բաժանորդային համակարգի իրականացման ծրագիրը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերից։