«Չե՛մ սրսկվի, վա՛խ կա մեջս». քաղաքացիները՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու մասին
Արդեն երրորդ շաբաթն է, ինչ Հայաստանում սկսվել են COVID-19-ի դեմ պատվաստումները։ Հայաստանը ներկրել է բրիտանական «AstraZeneca» և ռուսական «Sputnik V» պատվաստանյութերը։ Ուշագրավ է, որ Առողջապահության նախարարությունը դեռ 2 շաբաթ առաջ հայտարարել էր, որ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութեր` համապատասխանաբար՝ 24․000 և 15․000 խմբաքանակներով, և, որ առաջնահերթ պատվաստվելու են ռիսկային խմբերում ընդգրկված անձինք` 18-55 տարեկան քաղաքացիները` «Sputnik V», իսկ 55-ից բարձր քաղաքացիները` «AstraZeneca» պատվաստանյութով:
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանում COVID-19-ի պատվաստումների կարգը փոփոխության է ենթարկվել, որի համաձայն՝ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները՝ և՛ ռիսկի խմբերում, և՛ դրանցից դուրս գտնվողները, կարող են դիմել պոլիկնինիկա՝ «AstraZeneca»-ով պատվաստելու համար: Ավելին, երեկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ուղիղ եթերում պատվաստվեցին բրիտանա-շվեդական «AstraZeneca» պատվաստանյութով՝ հավանաբար տվյալ պատվաստանյութի մասին հանրության կարծիքը փոխելու և վստահություն ներշնչելու նպատակով։
168.am-ն այսօր շրջել է մայրաքաղաքում և քաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչպես են վերաբերվում պատվաստումներին ընդհանրապես։
«Եթե ռուսականն է, արժե»,- ասաց միջին տարիքի մի տղամարդ, բացառելով որևէ այլ պատվաստանյութով պատվաստվելը, իսկ դիտարկմանը, թե երեկ Առողջապահության նախարարը և փոխվարչապետը պատվաստվեցին «AstraZeneca»-ով, արդյո՞ք դա իր մոտ վստահություն չի ներշնչել տվյալ պատվաստանյութի հանդեպ, քաղաքացին պատասխանեց․
«Իմ համար նախարար, վարչապետ, փոխվարչապետ գոյություն չունեն»։
Հարցվածներից տարեց մի տղամարդ էլ ասաց, որ ինքն արդեն վարակվել է COVID-19-ով և չի ուզում պատվաստվել․
«Վախենում եմ, ես չգիտեմ՝ էդ ինչա, մահեր ա լինում, մեր տարիքում մի քիչ վտանգավոր ա»։
Նրա հետ զրույցի ընթացքում ևս օրինակ բերեցինք Առողջապահության նախարարի և փոխվարչապետի՝ «AstraZeneca»-ով պատվաստվելը, ինչին քաղաքացին արձագանքեց․
«Բայց ի՞նչ իմանանք՝ դա ի՞նչ է, մինչև աչքովս չտենամ՝ չեմ հավատա․․․»։
Հարցին՝ թե ի՞նչն է պատճառը, որ ամեն ինչի նկատմամբ վստահությունը կորցրել է, քաղաքացին պատասխանեց․
«Մարդ իր սեփական կնգան չի կարա վստահի, ես իրանց ո՞նց վստահեմ․․․ բա իհարկե, չեմ վստահում ոչ մեկին, բացի ինձնից։ Չեմ հավատում ոչ մի բանի, չե՛մ հավատում, Նիկոլ Փաշինյանն էլ էր, չէ՞, էդքան խոստումներ տալիս, բայց ոչ մի բան չարեց, ի՞նչ արեց, ընդհակառակը, տուգանքներն ավելի են շատանում, մի հատ սթից գիծ ես տրորում՝ 5.000 դրամ։ Էլի թող լինեն տուգանքներ, չեմ ասում՝ չլինի, բայց համապատասխան տուգանքներ է հարկավոր։ Ես տաքսի եմ վարում, օրը 200 կիլոմետր քշում եմ, հոգնում եմ, բժժում եմ, կարող է մի հատ գիծ էլ տրորեմ, բայց չի կարելի 5.000 դնել, կարելի է 2.000 դրամ դնել, հիմա ոչ մի բանի հավատ չկա․․․»։
Երևանի այգիներից մեկում նարդի խաղացող պապիկներից ևս հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են մտածում պատվաստումների մասին․
«Չեմ սրսկվի ես, որովհետև վա՛խ կա մեջս։ Դո՛ւ սրսկվի, նախագահը թող սրսկվի»։
Երբ փորձեցինք տեղեկացնել, որ երեկ պատվաստվել են Առողջապահության նախարարը և փոխվարչապետը, մեծահասակ տղամարդն ընդհատեց, ասաց՝ տեղյակ է․
«Տեսե՛լ եմ, ձեզանից լա՛վ գիտեմ, կներե՛ս, բայց ինչքան մահեր կան Եվրոպայում․․․»։
Պապիկներից մեկն էլ ասաց․ «Ես տեսե՞լ եմ, որ ինքն էդ դեղով է սրսկվել։ Ռուսական դեղով սրսկվում է էն ամպուլի մեջը լցրած, ասում են՝ տեսեք, սրանով սրսկվանք։ Սո՛ւտ է, ասում, դրանց մոտ սաղն էլ սուտ է, դրանց մեջ ճիշտ բան չկա։ Իմքայլականները աշխարհի սուտը հավաքել, մեշոկով լցրել են իրենց կողքը․․․»։
Հարցված քաղաքացիներից եղավ մեկը, որն արդեն պատվաստվել էր «AstraZeneca»-ով, ասաց՝ ռիսկային խմբում է, պոլիկլինիկայից զանգել կանչել էին, որպեսզի պատվաստվեր․
«Զոբի խնդիր ունեմ, ճնշման հետ կապված խնդիր ունեմ, ասացին՝ ռիսկային խումբ ես, պետք է պատվաստվես։ Ընդունեցի առաջարկը, պատվաստվեցի և նորմալ ընթացք ունեցա․․․»։
Հարցված քաղաքացիներից 27-ամյա մի երիտասարդ էլ ասաց, որ հետևում է պատվաստումների մասին տեղեկություններին, սակայն դրանք ապակողմնորոշիչ են․
«Դժվար է, մարդ, որն այդ ոլորտի հետ շատ կապ չունի, հստակ կարողանա կողմնորոշվի՝ օգտագործի՞, թե՞ չօգտագործի, իսկ պատվաստանյութերի մասին միշտ էլ եղել են միֆեր, դեմ արտահայտվողներ։ Կարծում եմ՝ պետք է մի քիչ սպասել, մինչև հստակ բժշկական եզրակացություն լինի։ Գերադասում եմ որոշ ժամանակ ուղղակի հետևելով անվտանգության կանոններին՝ դիմակ կրելով և սոցիալական հեռավորություն պահպանելով՝ պաշտպանվել, մինչև ավելի հստակ կլինի վերջնական արդյունքը»։
Դիտարկամանը, որ նախարարն ու փոխվարչապետը պատվաստվեցին, երիտասարդը պատասխանեց․
«Դա իմ համար բժշկական եզրակացություն չի՛․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում