«Մենք գործ ունենք մի քաղաքական իշխանության հետ, որն ապրում է իր քաղաքական հոգեվարքը». Արծվիկ Մինասյան

Այսօր ՀՅԴ մի շարք ներկայացուցիչներ հրավիրվել էին Երևան քաղաքի քննչական վարչություն: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի հարցաքննությունը ամենաերկարը տևեց: Հարցաքննությունից հետո հենց քննչական վարչության մուտքի մոտ լրագրողների հետ հարցազրույցում քաղաքական գործիչը փոխանցեց, որ  հնչել են հարցեր, որոնց ինքը հրաժարվել է պատասխանել:

«Ի տարբերություն ծանուցման՝ մեզ փորձեցին ներգրավել որպես վկա՝ հարցաքննության: Բնականաբար, փորձում էին հարցաքննել այն դեպքերի կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել Դատախազության դիմաց՝ շտապ հավաքի ժամանակ: Գնահատել եմ, որ դա քրեական հետապնդման քողի տակ իրականացվող քաղաքական հետապնդում է և, օգտվելով սահմանադրական ինձ ընձեռված հնարավորությունից՝ լռելու իրավունքից, հրաժարվել եմ ցուցմունք տալուց»,- ասաց Մինասյանը:

Հարցին, թե այս գործով նորից հարցաքննության հրավիրվելո՞ւ է,  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն արձագանքեց.

«Գնահատում եմ, որ այս գործը չի կարող հեռանկար ունենալ, որովհետև այնքան արհեստական է, այնքան ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի իր մեջ, որ ոչ միայն ապագա չունի, այլ այս գործը պետք է գլխի վրա շուռ գա, և պետք է մեղադրանքներ առաջադրվեն իրականում այն պետական պաշտոնյաներին, ովքեր իրենց անգործությամբ, հանցավոր անփութությամբ, հանցավոր անտարբերությամբ ստեղծել են այս վիճակը երկրում ՝ սկսած Դատախազությունից, ավարտած քննչական մարմիններով, որոնք պարտավոր են քրեական գործեր հարուցել այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր երկիր են հանձնել, ովքեր երկիրը բերել են էս վիճակի, դրա փոխարեն փորձ անել հանուն հայրենիքի փրկության պայքարող մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցել, խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք մի քաղաքական իշխանության հետ, որն ապրում է իր քաղաքական հոգեվարքը, և կյանքն էլ է ցույց տվել, որ, երբ արդեն պետք է հեռանա իշխանությունը, զրկվի իշխանությունից, այսպիսի տարաբնույթ քրեական գործեր է փորձում հարուցել, մարդկանց կալանավորել, ձերբակալել և այլն: Ազատությունը լինելու է շուտ, վստահ՝ քաղբանտարկյալներից սկսած, ավարտված երկրով: Մենք նվաճելու ենք մեր երկիրը»:

Տեսանյութեր

Լրահոս