«Պետք է պարտության մատնենք այսօրվա իշխանություններին և մեր երկիրն ազատագրենք». Կարին Տոնոյան

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն այն կարծիքին է, որ հայ ժողովուրդը համախմբման, բարի էներգիայի կարիք ունի:

«Մենք պատերազմի ժամանակ տեսանք, թե մեր ժողովուրդն ով է: Մեր ժողովուրդը աշխարհի լավագույն ժողովուրդներից է, որովհետև ընտանիքից ծնված ազգ է, չէ՞ որ Հայկի ընտանիքն է մեր նախահիմքը: Ինչո՞ւ է մեր ընտանիքը այդքան ամուր, որովհետև մեր ենթագիտակցականում ամենախորը ընտանեկան մտածողությունն է: Հետևաբար, մենք ազգ-ընտանիքի պետք է վերածվենք: Տարիներ շարունակ մեզ ազգից քանդելով՝ բերեցին վերածեցին ամբոխային հասարակության մտածողության, հիմա մենք ուղիղ հակառակով պետք է վերականգնենք մեր ընտանիք-ազգը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարին Տոնոյանի խոսքով՝ Հայաստանում պետք է իշխանության գան պետականամետ գործիչներ. «Երբեք չի կարելի մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը վստահել մեկին, և համակարգը նույնպես այնպես պետք է վերակառուցվի, որ եթե անգամ անհրաժեշտությունը կա, որ մեկ հոգի պետք է լինի համակարգի գլխին, նա պետք է կատարողը լինի, իսկ որոշում կայացնողները պետք է լինեն մասնագետների խմբերը, հանձնաժողովները, այսինքն՝ կառավարությունը իրոք պետք է գործի: Եվ ընդհանրապես, ես կարծում եմ, որ իշխանություն բառը պետք է փոխվի, պետք է դառնա՝ ծառայություն: Չէ՞ որ մենք նրանց ընտրում ենք, որ ծառայեն ժողովրդին, ոչ թե իշխեն: Բառը շատ կարևոր է, ախր: Թումանյանն էր ասում՝ զգույշ եղեք բառերի հետ, դրանց հետևում մի ամբողջ աշխարհ կա: Մենք հենց իշխանություն ենք կոչում, իրենք էլ, քանի որ այդ խորը գիտակցումը չունեն, որ դա պատասխանատվություն է և պատիվ, իրենք սկսում են պարզապես իշխել: Հետևաբար, ես այն խորին համոզմանն եմ, որ մեր երկրի կառավարումը պետք է ստանձնեն պրոֆեսիոնալների հավաքական թիմեր, որոնք պետք է բոլոր ոլորտներում լավագույն որոշումները կայացնեն, ոչ թե մեկը որոշի: Փորձագիտական որոշումները պետք է երկիրն առաջ մղեն»:

Նա ընդգծեց. «Շատ լավ գիտենք՝ երկիրն այս պահին ինչ վիճակում է, և ցանկացած խումբ, որ կգա իշխանության, պարզապես պետք է իր վրա խաչ քաշի՝ որպես անձ, իր ամեն ինչը նվիրի իր ազգին, պետությանը: Այս պահին մեր երկրում բառիս բուն իմաստով անտերություն է, պետություն, որպես այդպիսին, չկա, մենք պարզապես պետք է ավերակների տակից նորից վերակերտենք Հայաստանի Հանրապետություն պետությունը»:

Կարին Տոնոյանի խոսքով՝ Հայաստանի գործող իշխանություններն ունակ չեն ինքնուրույն մտածելու, նրանց ուղղորդում են. «Երբ մտածում ես, միտքդ միայնակ չի կարող գործել, մտքիդ միանում են հոգիդ, զգայարաններդ: Այն, ինչ ես տեսնում եմ, հասկանում եմ, որ պարզապես հրաման է կատարվում, հետևաբար, ընտրվել են լավ կատարողներ: Իսկ մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր ազգը մոտ 5000 տարի արդեն գոյություն ունի՝ իր կամքի, ինքն իրեն հարազատ մնալու պայքարի շնորհիվ: Մեր հավերժությունը և մեր փրկությունը նույն տեղում են՝ մենք պետք է մեզ հարազատ մնանք, մեր նկատմամբ հարգանք ունենանք, չսողանք որևէ ուժի կամ որևէ հարևանի առջև: Ընդհանրապես, ովքե՞ր են կայանում. Ովքեր արժանապատվություն ունեն: Մարդկային հարաբերությունները շատ նման են միջազգային հարաբերություններին, և երբ դու քեզ հարգում ես՝ որպես ազգային հանրույթ, քեզ սկսում են հարգել նաև մյուսները: Մեզ այս պահին դրել են նվաստացուցիչ, անհարգալից վիճակի մեջ, և մեզ էլ համապատասխան վերաբերմունք են ցույց տալիս: Այն պահին, երբ մենք ցույց կտանք, որ մենք կամք ունենք, և մեռնելու կամք ունենք… գիտե՞ք՝ շատ քիչ ժողովուրդներ կան, որ մեռնելու կամք ունեն: Հայ ժողովուրդը այդ կամքը ունի՝ իր հայրենիքի համար մեռնելու, և ունի նաև ապրելու կամքը: Մեր ամբողջ պատմությունն է այդպիսին: Ժամանակն է վերադառնալու մեր բնատուր, էթնոսածին հատկություններին, և հենց այդտեղ է թաքնված մեր հաղթանակը»:

Նրա դիտարկմամբ՝ հայրենիքները կայուն են այնքանով, որքանով ժողովուրդները պատրաստ են այդ հայրենիքին տալու ամեն ինչ. «Սյունեցիների հանդեպ այդ բոլոր քայլերը, ձերբակալությունները, ճնշումները ի շահ մեր հայրենիքի են գործելու, և որքան դրանք շատ լինեն, այնքան մենք շուտ կազատագրվենք: Չէ՞ որ դրանք գործող իշխանության վախի դրսևորումներն են: Իսկ վախը պարտության տանող ամենակարճ ճանապարհն է: Մենք գիտենք՝ այսօր ինչ վախի ուրվական է շրջում Հայաստանում՝ իշխանությունների հոգեվիճակից դուրս մղված, և մենք պետք է օգտվենք, այդ վախի ուրվականը դարձնենք մարմին և պարտության տանենք այսօրվա իշխանություններին և մեր երկիրն ազատագրենք՝ բառիս բուն իմաստով ազատագրենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս