«Ինչպե՞ս է ստացվում, որ ՊՊԾ պետը որոշակի ոստիկանական օպերացիա է ղեկավարում». Փաստաբան
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քննվում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքը 2020 թ. դեկտեմբերի 28-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների և այլ ապօրինությունների վերաբերյալ։
Դատավոր Արման Հովհաննիսյանը բավարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի բողոքը, որով քրեական գործ հարուցելու հիմքեր ստեղծվեցին իմքայլական Ս․ Գաբրիելյանի, ՊՊԾ պետի, նույն օրն անօրինական գործողություններ իրականացրած այլ անձանց նկատմամբ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ի առավոտյան Հայրենիքի փրկության շարժման անդամներն Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցին հարող մուտքի մոտ քաղաքացիական անհնազանդության ակցիա էին իրականացրել՝ ԱԺ արտահերթ նիստի շտապող իմքայլական պատգամավորներին դիմավորելով «դավաճան» վանկարկումներով ու ձվերով:
Ակցիայի մասնակիցները նախ ձվերով հարվածել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին՝ գործողությունն ուղեկցելով զանազան վանկարկումներով, միջադեպ տեղի ունեցավ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, իսկ «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, այժմ իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գերազանցել էր ինքն իրեն:
Նա հայհոյանքներով ձեռնամարտի մեջ էր մտել ակցիայի մասնակիցների հետ, որից հետո նրանք սկսել էին ձվեր նետել վերջինիս վրա: Պատգամավորին, ըստ ամենայնի, հնարավոր չեղավ հանգստացնել, ու նա շարունակում էր հարձակվել քաղաքացիների վրա:
Ապա Սիսակ Գաբրիելյանն ու Պետական պահպանության ծառայության ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը սկսել էին ցույց ցրել, որի ընթացքում նշված անձինք քաղաքացիներին հարվածում էին՝ ինչպես ու ինչով կարող էին:
Դատարանում վիճարկում էին ոչ միայն Արծվիկ Մինասյանի նկատմամբ իրականացված ոչ օրինական գործողությունները, այլ նաև Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրենց լիազորություններից ակնհայտորեն դուրս եկած՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի, ինչպես նաև Սիսակ Գաբրիելյանի դրսևորած հակաօրինական վարքագծերը։
168.am-ի հետ զրույցում այս գործով Արծվիկ Մինասյանի ներկայացուցիչ, փաստաբան Բենիկ Գալստյանն ասաց, որ 2020թ. դեկտեմբերի 28-ին Դեմիրճյան փողոցում ըստ էության երկու միջադեպ է տեղի ունեցել:
«Մի միջադեպը Սիսակ Գաբրիելյանի մասնակցությամբ էր, որով խուլիգանության հանցակազմով գործ հարուցվեց, պատգամավորն էլ տուժող ճանաչվեց: Բայց դրանից 15-20 րոպե հետո Սիսակ Գաբրիելյանն ու ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը ցույցը ցրելու բուն գործընթացին ակտիվ մասնակցություն են ունենում»,- ասաց Բենիկ Գալստյանը՝ հավելելով, որ կադրերում երևում է, որ նրանք մարդկանց են հարվածում:
Արծվիկ Մինասյանի ներկայացուցչի խոսքով՝ դրա հետ կապված՝ վերջինս հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, բայց երեք բաղադրատարրով:
«Մեկը վերաբերում էր իրեն ապօրինի բերման ենթարկելուն, երկրորդը՝ ոստիկանների գործողություններին, որ առանց պատշաճ կարգի ծանուցման՝ անձին բերման են ենթարկել ոստիկանություն, և այլն: Երրորդով վիճարկում էինք Սիսակ Գաբրիելյանի և Սարգիս Հովհաննիսյանի՝ ցույցի ցրման պրոցեսին առնչություն ունենալու հարցը: Ի՞նչ իրավունքով էին նրանք ցուցարարներին հարվածում, ու ինչո՞ւ ոստիկանությունը նրանց գործողություններին պատշաճ գնահատական չտվեց: Ինչպե՞ս է ստացվում, որ ՊՊԾ պետը որոշակի ոստիկանական օպերացիա է ղեկավարում»,- ասաց Բենիկ Գալստյանը:
Վերջինս նշեց, որ Արաբկիրի բաժնում նյութերի նախապատրաստումը մերժեցին, ապա բողոքել են դատախազին, վերջինս նույնպես մերժել է, իսկ դատավոր Արման Հովհաննիսյանն այսօր բավարարել է իրենց բողոքը:
«Ըստ օրենսդրության՝ քրեական գործ պետք է հարուցվի, բայց դատախազությունը 10 օր ժամանակ ունի վերաքննիչ բողոք ներկայացնելու»,- եզրափակեց Բենիկ Գալստյանը: