«Գիտե՞ք՝ ինձ ինչն է հավատ ներշնչում մեր վաղվա օրվա հանդեպ…». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտե՞ք՝ ինձ ինչն է հավատ ներշնչում մեր վաղվա օրվա հանդեպ, առաջին հերթին այն իրողությունը, որ մեր շրջապատում ապրող և տեղի-անտեղի «նախկիներից» ամեն օր բողոքող, թուրքի ունեցած հնարավորությունները գերագնահատող և նրա առաջ գլուխ խոնարհող, սեփական երկրի ինխնիշխանությունն ու հեղինակությունն իր նեղանձնական հետաքրքրություններին ստորադասող հուսալքվածների կողքին մենք օր-օրի ունենում ենք այն մտածող հայրենակիցների ավելացող թիվը, որն, ազգի գլխին եկած այս ամեն արհավիրքներից հետո, կարողանում է իր մեջ ուժ գտնել և շարունակել պարտվողական հոգեբանությանը հակադրել պայքարելու կամքը: Այսօր, թեկուզ դանդաղ, բայց նման զարգացում առկա է և, դա գնալով, մեր ընթացքին հաղորդում է ավելի մեծ ինքնավստահություն և սեփականը վերագտնելու ձգտում…
Իսկ մենք ստիպված ենք ազգովին դա անելու և, անկասկած, անելու ենք, մանավանդ, որ այլ տարբերակ չունենք…
Հ.գ.– Այսպիսի վիճակներում մեկ անգամ չէ, որ մենք հայտնվել ենք մեր պատմության ընթացքում և դրա ամենաթարմ օրինակներից մեկը 1992-ի դաժան ամռանն էր, երբ մենք կորցրել էինք Արցախի կեսը… Շնորհիվ համազգային ջանքերի միավորման և ճիշտ կառավարման, մենք ոչ միայն ուղղեցինք մեր մեջքը, այլև կարողացանք ջարդել դիմացինի ողնաշարը և աշխարհին հպարտորեն նայել այնքան ժամանակ, քանի դեռ մենք հավատում էինք իրական գործին, այլ ոչ թե ականջահաճո խոսքին … Հավատալով ու գործելով է միայն հնարավոր հզորանալ և հաղթել…»։