«Արագի մեջ պետք է մեր պաշտպանությունն ապահովենք հնարավոր տեխնիկայով. մեր տեսածը մեզ դաս չեղավ». Սասուն Միքայելյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  այսօրվա նիստում քննարկվեց և բացասական եզրակացություն տրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին։

Նախագծով նախատեսվում էր ռազմարդյունաբերության համալիրին կից ստեղծել գործող գիտական կենտրոն, որը ՀՀ բուհերի հետ համատեղ կիրականացներ գիտահետազոտական ծրագրեր՝ ելնելով բանակի կարիքներից։ Հետևաբար՝ նախագծով հնարավորություն   է տրվում զինապարտ քաղաքացիներին շարունակել բարձրագույն կրթությունն այնպիսի ձևաչափով, որ մի կողմից՝ խրախուսվում է ուսանողներին զբաղվել գիտությամբ, մյուս կողմից՝ Զինված ուժերին հնարավորություն է տրվում օգտագործել համապատասխան գիտական պոտենցիալը:

ԵԿՄ նախագահ, իմքայլլական Սասուն Միքայելյանը դիմելով նախագիծը ներկայացնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին՝ ասաց, որ փորձը ցույց է տվել, որ ճիշտ է, Հայաստանն ունի ռազմարդյունաբերություն, բայց, օրինակ, ԱԹՍ-ները և այլ ռազմական տեխնիկա  գնում է այլ պետություններից։

«Եթե ասում եք, որ բուհերում բացվի նման թեքում ունեցող ֆակուլտետ կամ ինչ-որ բան, ավելի ճիշտ չի՞ լինի՝ մեր ռազմական ուսումնարաններում ֆակուլտետ բացվի, որտեղ կենտրոնացված կլինեն… մենք միշտ պետք է գանք կենտրոնացվածին, որ արդյունք տա, ժամանակն էլ, պատերազմն էլ ցույց տվեց, որ դա անհնարին է։ Մենք ինչքան էլ գնանք ԱԹՍ-ների վրա, վաղը-մյուս օրն ուրիշ բաներ դուրս կգան, մարդիկ պետք է լինեն, որ զբաղվեն դրանով, եթե սենց վերցնենք ու տանք բուհերին։ Մենք ուզում ենք նոր բաներ սարքել, մենք ունենք ռազմական ուսումնարաններ, որտեղ այսօր դիմողները շատ քիչ են, և այդ ուսումնարաններում բացելը ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Մեկ անգամ էլ ներկայացնելով նախագիծը՝ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենց նպատակն առանձին գիտահետազոտական կենտրոն ստեղծելն է, որտեղ բուհերից կդիմեին մարդիկ և իրենց ողջ ներուժը կդնեին այնտեղ։  Ուստի դա ռազմական ինստիտուտներում չեն կարող անել, քանի որ այնտեղ պատրաստում են սպաներ։

Սասուն Միքայելյանն էլ Գորգիսյանի պարզաբանմանը հակադարձեց. «Մենք միշտ հետ ենք ընկնում, նոր հեծանիվ ենք ուզում սարքել, բայց ժամանակը ցույց է տալիս, և ես միշտ ասել եմ, որ պատերազմը չի ավարտվել, այսօր էլ եմ ասում։ Մենք պետք է կարողանանք շտապ կարգով ինչ-որ արդյունքի հասնել։ Առաջինը մենք պետք է կարողանանք ռազմական ուսումնարաններում ինչ-որ թեքումով բաներ բացենք, որպեսզի հաջողության հասնենք։ Դե դա հետագայում, հետագայում կարող ենք անել, տեսեք, մենք ունենք ռազմարդյունաբերական համալիր, որն այդ պատերազմում արդյունք չտվեց։ Նկատի ունեմ՝ դա գաղափար է, որը կարելի է տարիների ընթացքում իրականություն դարձնել, ես դեմ չեմ։ Սակայն այս իրավիճակում, երկրի այս պայմաններում, մենք մի քիչ պետք է ավելի արդյունավետ աշխատենք։ Բնական է, մեր գերխնդիրը մեր բանակն է, մեր պետական սահմանները»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս