Բաժիններ՝

ԱՄՆ-ի սենատորները հանդես են եկել ՌԴ-ի հետ գագաթնաժողովի օգտին, բայց դեմ են հարաբերությունների «վերաբեռնավորմանը»

ԱՄՆ-ի երկու կուսակցությունների սենատորները Axios պորտալին հայտարարել են, որ ընդհանուր առմամբ հավանություն են տալիս ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև գագաթնաժողովի գաղափարին, բայց հանդես են գալիս Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների «վերաբեռնավորման» դեմ: «Դա պետք է տեղի ունենա: Անկախ այն բանից, թե մենք ինչ կասկածներ ունենք Պուտինի նկատմամբ, նա անհաշիվ միջուկային զենք ունի: Արդեն այդ մեկը նշանակում է, որ մենք պետք է ինչ-որ ձևով փոխգործակցենք նրա հետ»,-պորտալը մեջբերում է հանրապետական սենատոր Մարտ Ռուբիոյի խոսքը:

Հանրապետական Ռիչարդ Բերն ասել է, որ «ոչ մի մինուս չի տեսնում այդպիսի հանդիպում անցկացնելու մեջ», իսկ դեմոկրատ Բեն Քարդինը գագաթնաժողովը համարել է «լավ գաղափար», եթե օրակարգում ներառվեն Ուկրաինան և կիբեռգրոհները: Դեմոկրատ Քրիս Մերֆին նշել է, որ Բայդենը «գիտե՝ երբ է գալու հարմար ժամանակը բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար»: Այդուհանդերձ, մի շարք սենատորներ ավելի զգուշավոր են արտահայտվել: Սենատի Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ դեմոկրատ Բոբ Մենենդեսը Axios-ին ասել է, որ հավատում է գագաթնաժողովն արդյունավետորեն անցկացնելու Բայդենի կարողությանը, թեև մեծ հույսեր չի տածում դրա արդյունքների նկատմամբ:

Պորտալը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, երկու նախագահների հանդիպումը կկայանա «մեծ յոթնյակի» հունիսյան գագաթնաժողովից հետո: Ինչպես հաղորդվել է, ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրում: Ապրիլի 16-ին ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հանդիպման մասին Բայդենի առաջարկությունը «փաստորեն շատ բանով համընկնում է այն առաջարկության հետ, որն ավելի վաղ հնչեցրել է նախագահ Պուտինը»: Ապրիլի 18-ին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Բայդենի ևՊուտինի հանդիպումը քննարկվում է և պետք է կայանա դրա համար համապատասխան պայմանների առկայության դեպքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս